Քուրդ զինյալների գրոհներից թուրքական բանակում մեծաթիվ զոհեր կան

Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում PKK-ն շարունակում է լուրջ կորուստներ պատճառել թուրքական զինված ուժերին։

PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ռազմական թեւի՝ HPG-ի  (Ժողովրդի պաշտպանության ուժեր) տարածած հայտարարության մեջ նշվել է, որ հուլիսի 23-ից թուրքական անվտանգության ուժերի դեմ սկսված հեղափոխական ռազմական գործողությունների առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է։

Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի զինյալները օգոստոսի 4-ի երեկոյան Հաքքարի նահանգի Ջուքուրջայի շրջանում 19 տարբեր կետերից համաժամանակյա  հարձակման են ենթարկել թուրքական զինվորական տարբեր ստորաբաժանումներ, որի ընթացքում սպանվել է մինչեւ 100 թուրք զինվորական, գերի ընկել գյուղի 9 պահապան, որոնց ավելի ուշ ազատ են արձակել։

HPG-ի տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ քուրդ զինյալներին հաջողվել է մոտ 40 րոպեով գրավել 170 զինվորականներ ունեցող Գեչիմլի զորակայանը եւ բռնագրավել այնտեղ եղած 20 միավոր զինատեսակ։ Հայտարարության մեջ նշվել է, որ թուրքական զինված ուժերի դեմ գործողությունների ընթացքում քուրդ զինյալները տվել են 7 զոհ։

Սիրիայի դեմ ռազմական գործողությունների ծրագրերով տարված թուրքական իշխանությունները սկսել են ուշադրությունները բեւեռել իրենց հողերում PKK-ի սկսած լայնածավալ եւ արյունալի գործողություններին։ Թուրքական մամուլում Հաքքարի եւ Շեմդինլի նահանգներում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին տեղեկությունների բացակայությունը խիստ անհանգստացրել է թուրքական հասարակությանը, սակայն արդեն տեղեկություններ են հաղորդվում Ջուքուրջայի հարձակման հետեւանքով սպանված 8 թուրք զինվորականների մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ PKK-ն գրավել է Գեդիկթեփեի բարձրունքում տեղակայված թուրքական զինվորական պահակակետը, որտեղ 2 տարի առաջ եղել էր Թուրքիայի վարչապետը, ավելին, նշվում է, թե PKK-ն Հաքքարիում մոտ 35 կմ հատվածով տարածք վերահսկության տակ է վերցրել։

 

Տեսանյութեր

Լրահոս