Իրանը սահմանափակումներ է մտցրել Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի սահմանին
Վաղվանից սկսած՝ Թուրքիայի քաղաքացիների համար Իրան այցելելու հարցում ներդրվում են վիզային սահմանափակումներ: Անկարային հղած Իրանի ԱԳՆ-ի նոտայում նշված է, որ վիզային սահմանափակումները տևելու են 27 օր՝ օգոստոսի 5-31-ը:
Այդ ամենը իրանական կողմը պատճառաբանում է այս ամսվա վերջին Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովի անվտանգության ապահովմամբ: Գագաթնաժողովի ավարտից հետո վիզային ժամանակավոր սահմանափակումները կվերացվեն. տեղեկացնում է թուրքական Cihan լրատվական գործակալությունը:
Իրանը նմանատիպ սահմանափակումներ է մտցրել նաև Վրաստանի ու Ադրբեջանի համար, ինչը հատկապես ավելի ծանր է վերջինիս համար, քանի որ Ադրբեջանից Իրանի տարածքով դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ մեկնելու համար Ադրբեջանի քաղաքացիները պետք է վիզա ստանան Բաքվում Իրանի դեսպանատանը կամ՝ Նախիջևանում Իրանի գլխավոր հյուպատոսարանում: