Նախարարը հանձնարարել է հանձնաժողով ստեղծել հղի կնոջ մահը հետազոտելու համար

Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով` 20 շաբաթական հղի Հրածին Մալխասյանի մահվան դեպքը ուսումնասիրելու և կազմակերպական խնդիրների տեսանկյունից հանգամանքները պարզելու նպատակով, այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակչուհի, 20 շաբաթական հղի 43-ամյա Հրածին Մալխասյանը, հուլիսի 28-ին տեղափոխվել է Երևանի «Գրիգոր Նարեկացի», ապա «էրեբունի» բժշկական կենտրոններ. նրա մոտ սկսվել էր արյունահոսություն, ինչից հետո հեռացվել էր արգանդը, բայց հղի կնոջ կյանքը հնարավոր չէր եղել փրկել:

Հրածին Մալխասյանը 4 երեխայի մայր էր, ուներ երկու աղջիկ և երկու տղա: Իսկ ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում:

Դեպքի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Հաշվի առնելով, որ դեպքը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, դեպքի կապակցությամբ տվյալների հրապարակումը հնարավոր է միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ»,– հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«Ուստի, առողջապահության նախարարության կողմից մայրական մահացության սույն դեպքի պատճառների և մասնագիտական վարման հնարավոր սխալների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել գործի վարույթի ավարտից հետո»,- ասվում է նախարարության կայքում։

Տեսանյութեր

Լրահոս