««Բարգավաճ Հայաստանը» որևէ «հակա» ճակատում լինել չի կարող»

Ասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը

– Պարոն Ուրիխանյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 168.am-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ իշխանական «ռեժիմը» սարսափում է  «այն սցենարից, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն սկսեն միասնաբար աշխատել այս ռեժիմի դեմ»: Համաձա՞յն եք այս գնահատականին:

-Ես կարծում եմ, որ «սարսափել» բառն այստեղ տեղին չէ, իսկ քաղաքական մրցակցության առումով` բոլորի համար շատ էական ու մտահոգիչ (բառի լավ` մրցակցային իմաստով) պիտի լինի ԲՀԿ-հասարակություն համագործակցությունը:

Իսկ թե ո՞ր ռեժիմի մասին է խոսքը, չգիտեմ, առավելևս՝ ես որևէ ռեժիմի խոսնակ չեմ: Իսկ  պարոն Զուրաբյանի կարծիքի մասին, հարգանքով իր հանդեպ, պետք է ասեմ, որ մենք, այնուամենայնիվ, առաջնային ուշադրություն ենք դարձնում մեր համագործակցությանը հանրության հետ:

– «Ռեժիմ» ասելով` բնականաբար նկատի է առնվում նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը:

– Դե առավելևս, ես ի՞նչ իրենց տեղը պատասխանեմ:

Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ, ըստ ՀԱԿ համակարգողի` «տեղի է ունեցել սենսացիա. ԲՀԿ-ի 7 պատգամավոր միացել են Կոնգրեսի նախաձեռնությանը, իսկ կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց իր աջակցության մասին»:

– Ոչ, ԲՀԿ պատգամավորները ոչ թե միացել են ՀԱԿ-ին, այլ միացան հանրությանը հետաքրքրող հարցի շուրջ ավելի ակտիվ և արդյունավետ հսկողություն իրականացնելու նախաձեռնությանը, ինչպիսին այն թվում էր սկզբում:

– Իսկ ԲՀԿ-ն «հակահանրապետական» ճակատո՞ւմ է, ինչպես պնդում է Լ.Զուրաբյանը:

– «Բարգավաճ Հայաստանը» որևէ «հակա» ճակատում լինել չի կարող: ԲՀԿ-ն իր ունիկալ գործունեությամբ տարիների ընթացքում ցույց տվեց, որ առանց որևէ մեկին հակադրվելու, սեփական քաղաքական կուրս իրականացնելով` կարելի է պարզապես դառնալ այլընտրանքային քաղաքական ուժ: Եթե հիշում եք «այլընտրանք» ձևակերպումն առաջին անգամ ես հնչեցրեցի հենց այդ պատճառաբանությամբ և հիմնավորմամբ: ԲՀԿ-ն միշտ աշխատել է առանձին և որևէ կերպ «հակա» գործունեություն չի իրականացրել՝ ի տարբերություն որոշ այլ քաղաքական ուժերի, որոնք անընդմեջ սպասում են, թե որ կուսակցությունն ինչ կանի, որ դրան «հակա» մի բան անեն և հաստատվեն քաղաքական դաշտում:

 


Տեսանյութեր

Լրահոս