Իրանը սկսել է պետականորեն խթանել ծնելիությունը

Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ հրաժարվում է երկրում ծնելիության վերահսկման 12-ամյա քաղաքականությունից, գրում է The Daily Telegraph-ը: Համապատասխան որոշումը կայացվել է այաթոլլա Ալի Խամենեիի ելույթից հետո, ով հայտարարել էր, որ Իրանի բնակչությունը պետք է հասնի 150-200 միլիոնի: Ներկայումս Իրանում ապրում է մոտ 80 միլիոն մարդ:

Նախկինում իրանական իշխանությունները զգուշանալով հնարավորությունների սղությունից՝ ամեն կերպ զսպում էին բնակչության աճը՝ կրթության, հակաբեղմնավորիչների արտադրության և այլ ոլորտներին հատկացնելով զգալի գումարներ: Գերագույն հոգևոր առաջնորդի ելույթից հետո այս բոլոր միջոցառումները վերացվեցին: Դեռ ավելին՝ պետությունը 10 միլիարդ դոլար հատկացրեց բազմազավակ ընտանիքներին աջակցելու և ծնելիությունը խթանելու համար:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Իրանը դարձել էր ծնելիության ռեկորդային անկում արձանագրած երկիր: Եթե 1986թ.-ին այդ երկրում բնակչության տարեկան աճը 3.2 տոկոս էր, ապա այժմ՝ 1.2 տոկոս է: Իրանական իշխանությունները մտահոգ են, որ այս միտումը կհանգեցնի բնակչության աստիճանական ծերացման, իսկ հետո նաև նվազման: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ով նույնպես մտահոգ է խնդրով, հայտարարել է, որ բարձր ծնելիությունը երկրին անհրաժեշտ է՝ իր թշնամիներին, մասնավորապես՝ Արևմուտքին հաղթելու համար:  Միաժամանակ տեղացի փորձագետներն այն կարծիքին են, որ պետական ծրագրերը էական դեր չեն կարող խաղալ ծնելիության խթանման գործում, քանի որ մարդիկ երեխաներ չեն ունենում աղքատության և գործազրկության պատճառով: Ճգնաժամի հետևանքով իրանցիներից շատերն աշխատում են ընդհանրապես չամուսնանալ, կամ ամուսնությունը հետաձգում են «լավ ժամանակների» գալու հույսով:

Տեսանյութեր

Լրահոս