Քեմերոնը փորձում է հաշտեցնել Իսրայելին ու Թուրքիային

Իսրայելի և Թուրքիայի միջև վատ հարաբերությունները կարգավորելու համար Մեծ Բրիտանիան միջնորդի դեր է ստանձնել. գրում է իսրայելյան Hareetz-ը:

Վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյայի` պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիան ապահովում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հաղորդագրությունների փոխանակումը, սակայն առայժմ լուծման որևէ բանաձև չի գտնվել:

Անգլիացիներն ու ամերիկացիները համոզված են, որ Սիրիայում ստեղծված ճգնաժամը Թուրքիայի և Իսրայելի միջև ընդհանուր շահ է «ծնել» և երկու երկրների հարաբերությունների զարգացումը կապահովի տարածաշրջանային հավասարակշռությունը:

Haaretz-ը նաև նշել է, որ հուլիսի 22-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Իսրայել-Թուրքիա հարաբերություններին:

Այդ հարաբերությունները քննարկվել են նաև հուլիսի 27-ին կայացած` Էրդողանի և Քեմերոնի երկկողմ հանդիպման ընթացքում, սակայն լրատվամիջոցներին արված հայտարարության մեջ այդ մասին որևէ հրապարակում չի եղել:
Բրիտանական աղբյուրները պնդում են, որ վարչապետ Էրդողանը շարունակում է Իսրայելից պահանջել, որպեսզի վերջինս ներողություն խնդրի Թուրքիայից` Մավի Մարմարայի միջադեպի վերաբերյալ և զոհված թուրքերի ընտանիքներին փոխհատուցում տրամադրի:

Տեսանյութեր

Լրահոս