«Որևէ մտահոգության մասին ես տեղեկություն չունեմ». Արման Թաթոյանը՝ Միհրան Պողոսյանի դեպքի մասին
Մարդու իրավունքների պաշտպանը չի հետաքրքրվել Ռուսաստանում քաղաքական ապաստան հայցած Միհրան Պողոսյանի հարցով։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին՝ արդյոք Պողոսյանի հանդեպ կա՞ քաղաքական հետապնդում, Արման Թաթոյանը պատասխանեց, որ որևէ դիմում իրենք չունենք։
«Նման հարց լինի, իհարկե, կզբաղվենք։ Եվ որևէ մտահոգության մասին ես տեղեկություն չունեմ»,- ասաց ՄԻՊ-ը։
Միհրան Պողոսյանի պահանջի վերաբերյալ որոշում, ըստ նրա, ՌԴ համապատասխան մարմինները պետք է կայացնեն, դա ՀՀ ՄԻՊ-ի իրավասությունից վեր է. «Հարուցված է քրեական գործ, քրեական ընթացակարգը պահանջում է, որ, եթե կալանավորել են այնտեղ, ես որքան գիտեմ, էքստրադիցիայի պրոցեսը սկսելու համար կալանավորված է, ապա դա նորմալ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ է։ Հիմա թե անտեղ ի՞նչ որոշում կկայացնի կոնկրետ մարմինը՝ քաղաքական ապաստանի հետ կապված, և այլն, դա արդեն այլ ընթացակարգով է որոշվում»։
Հարցին՝ հիմքեր կա՞ն, որ Պողոսյանը քաղաքական ապաստան խնդրի ՌԴ-ից, Ա.Թաթոյանը պատասխանեց, որ դա ավելի շատ փաստաբանին է տեսանելի.
«Ես ծանոթ չեմ հիմքերին, դա ՄԻՊ-ին չի առնչվում։ Մենք կզբաղվեինք, եթե դիմում լիներ, բայց չկա դիմում, հետևաբար՝ ես չեմ հետաքրքրվել»։