Ներքին որոշում. ОРТ, Росиия 24, НТВ, Култура հեռուստաալիքները հասանելի կլինեն միայն կաբելային փաթեթների բաժանորդների՞ն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեռեւս օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել էր մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման հարցը` ասելով, որ դրանց որոշ ծրագրերում քաղաքական կոչեր են հնչում։ Ի պատասխան, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել էր, որ դա քաղաքական հարց է։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ հարցն այնքան էլ «միամիտ» չէր հնչել:

Բանն այն է, որ մեր աղբյուրների պնդմամբ, առաջիկայում բավականին լուրջ փոփոխություններ ու վերադասավորումներ են սպասվում հեռուստատեսային հեռարձակումների ոլորտում:

Ըստ այդմ՝ կառավարությունն արդեն իսկ ամենաբարձր մակարդակով ունի ներքին որոշում, որ հանրային թվային մուլտիպլեքսում լուրջ փոփոխություններ կատարվեն՝ հնարավոր բոլոր օրենսդրական կարգավորումներով հանելով ռուսական պետական հանրային հեռուստաալիքները, որոնք հեռարձակվում են ՀՀ տարածքում: Դրան կհետեւի այն, որ մեր քաղաքացիները հրաժեշտ կտան մասնավորաբար ОРТ, Росиия 24, НТВ, Култура հեռուստաալիքներին:

Ավելի ստույգ, դրանց կարող են հետեւել միայն կաբելային փաթեթների բաժանորդները:

Թերթի տեղեկություններով, վարչապետի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ակնարկել է, որ ԵՄ-ի համար այդքան էլ ընդունելի չէ, որ հայ հանրությունը Արեւմուտքի մասին տեսակետ է կազմում ռուսական հեռուստաալիքների ազդեցությամբ:

Նա նշել է, թե «հենց դա է պատճառը, որ մենք ՀՀ-ում այդքան էլ հեշտությամբ չենք կարողանում հանրային կարծիք ձեւավորել եւ ազդել դրա վրա»:

Ըստ ամենայնի, ամենաուշը մեկ տարի հետո ներկայիս կառավարությունն իր ենթակայության տակ կվերցնի արտաքին ագիտպրոպը: Սակայն մինչ այդ դեռ հարկավոր է գտնել այնպիսի լուծումներ, որոնք մի կողմից՝ կարգավորեն դաշտը, մյուս կողմից՝ քաղաքական որեւէ հետեւանք չունենան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս