«Չգիտեմ, ինչ որոշել է դատարանը՝ ճիշտ է արել»

Հայաստանի նախկին ոստիկանապետ, նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ դատարանի կայացրած որոշումը:

Նախկին ոստիկանապետը փոխանցել է, որ դատարանի որոշումները քննարկելու ոչ իրավունք ունի, ոչ՝ ցանկություն:

Հիշեցնենք՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 20-ի որոշմամբ անցած տարվա օգոստոսի 9-ից կալանավորված Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Կարապի լճի շրջակայքում տեղի ունեցած նույն միջադեպի առնչությամբ մեղադրվող և չհեռանալու մասին ստորագրությամբ այն ժամանակ ազատ արձակված Արտակ Կարապետյանը դատապարտվեց 3, իսկ Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2 տարվա ազատազրկման: Կարապետյանը, Գևորգյանն ու Քիրամիջյանն առայժմ ազատության մեջ են, մինչ բողոքարկման գործընթացի ավարտը:

Ալիկ Սարգսյանը, ով այդ միջադեպի և ակտիվիստների դեմ քրեական հետապնդում սկսելու ժամանակաշրջանում դեռ զբաղեցնում էր Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը, այսօր «Ազատության» թղթակցի հետ զրույցում վերահաստատել է իր այն դիրքորոշումը, թե ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն չի եղել, իսկ թե ինչ վճիռ է կայացրել դատարանը, ասել է՝ դա իր խնդիրը չէ։

«Ես շատ լավ եմ հիշում ոնց էր եղել կռիվը, ոնց էր խփել մեր ոստիկանության աշխատողի քիթը կոտրել. քրեորեն պատժելի արարք էին թույլ տվել, հարուցվել էր քրեական գործ, որն անցել է բոլոր ինստանցիաներով՝ ոստիկանությունով, քննչականով, դատախազությունով հաստատվել է, դատարանով դատվել է, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ,- ասել է Ալիկ Սարգսյանը՝ ընդգծելով , որ ի սկզբանե գործով օբյեկտիվ քննություն է իրականացվել,- Ամեն ինչ ճիշտ է եղել, քրեական գործը ճիշտ ուղիով է ընթացել, և նա մեղադրվել է: Իսկ դատարանի վճիռը քննարկելու նույնիսկ բարոյական իրավունք ես չունեմ… Եթե նույնիսկ բաց է թողել, կամ պարգևատրել է… Չգիտեմ, ինչ որոշել է դատարանը՝ ճիշտ է արել: Ես դրա մասին նույնիսկ կարծիք չեմ ուզում հայտնել»:

Տիգրան Առաքելյանը դատարանում իր պաշտպանական ճառում «պատվիրված», «հաշվեհարդար» է որակել իր դեմ քրեական հետապնդումը՝ ակնարկելով, թե պատվիրատուն ի սկզբանե եղել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Որպես ասածի հիմնավորում ակտիվիստը վկայակոչում էր մինչ Կարապի լճի միջադեպը նախկին ոստիկանապետի դեմ իր դատական հայցը, որով Ալիկ Սարգսյանից պահանջել էր ներողություն խնդրել ասուլիսներում իր անմեղության կանխավարկածը խախտելու համար։

Ալիկ Սարգսյանը «ծիծաղելի» որակել է այդ փաստարկները՝ հայտարարելով, որ «անլուրջ» է վերաբերվում այդ ամենին և չի ցանկանում արձագանքել:

ՀԱԿ ակտիվիստները, ընդդիմադիր Կոնգրեսն ու իրավապաշտպանները Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ դատարանի հուլիսի 20-ի որոշումը շարունակում են համարել «ապօրինի» եւ քաղաքական՝ պահանջելով դադարեցնել քրեկան հետապնդումը, ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: Այսօր երեկոյան նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ կայանալիք բողոքի ակցիայով:

Տեսանյութեր

Լրահոս