Բաժիններ՝

Բժիշկները դիմել են Սերժ Սարգսյանին

«Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն» ֆեյսբուքյան նախաձեռնությունն այսօր բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով «մեղմ պատիժ սահմանել իրենց գործընկերների նկատմամբ»:

Բաց նամակում մասնավորապես ասված է. «Այս տարվա փետրվարի 25-ին «Աբովյանի ծննդատանը» ծննդաբերության ընթացքում Ֆլորա Աբգարյանի և նրա երեխայի մահը մեծ ցավ է բոլորիս համար: Մահացել է երիտասարդ մայր և նորածին… Անխոս, մեծ ողբերգություն է…

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և բժիշկ-անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովը ձերբակալվել, իսկ հուլիսի 13-ին կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Հոդվածի համաձայն եթե այդ գործողություններն անզգուշությամբ առաջացրել են բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում, ապա մեղավոր ճանաչվածը պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Մենք` բժիշկներս, դիմում ենք Ֆլորա Աբգարյանի հարազատներին` հայտնելով մեր ցավակցությունը և բոլորիս անունից ներողություն խնդրում կատարվածի կապակցությամբ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը բժշկի նկատմամբ, որը, համոզված ենք, չի ցանկացել նման վերջաբան: Ցանկացած բժշկի համար թանկ է իր հիվանդը և այս դեպքը կարող էր պատահել ցանկացածիս հետ, և´ որպես բժիշկ, և´ որպես մարդ, որ ունի հարազատներ: Անսխալական մարդ չկա և չկա անսխալական բժիշկ, բոլորս ենք սխալվում…

Համոզված ենք, որ մինչև վերջին պահը բժիշկը պայքարել է Ֆլորայի և մանկան կյանքի համար և նրա սիրտն էլ հարազատի պես ցավում է այժմ… Եկեք հնարավորություն տանք բժշկին վերադառնալու հասարակություն և փրկելու կյանքեր… Ճաղերի ետևում նա ոչ ոքի օգուտ չի տա, իսկ ազատության մեջ հնարավորություն կունենա իր գործով և կյանքերի համար պայքարելով ուղղել իր սխալը… Դիմում ենք նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Հարգելի պրն. Նախագահ, հաշվի առնելով վերը նշվածը և նաև, որ բժիշկ Վլադիմիր Մյագկովն ունի ընտանիք և երեխաներ ու չի հանդիսանում վտանգավոր հանցագործ, այլ ճիշտ հակառակը` մարդ է, որը ողջ կյանքը մարդկանց ապրելու համար է պայքարել և բազում կյանքեր փրկել, խնդրում ենք միջնորդել փոխել կալանավորումը` չբացակայելու ստորագրությամբ, և եթե դատավարության ընթացքում, նույնիսկ, ապացուցվի բժշկի սխալը` կիրառել համեմատաբար մեղմ պատիժ:

Բոլորս ենք սխալվում, չկան անսխալական մարդիկ և չկան անսխալական բժիշկներ…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս