Բաժիններ՝

Բազմաթիվ կանադահայ գործարարներ ցանկանում են մասնակցել «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին ընդունել է Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Վան Լապոյանին, կանադահայ բարերարներ Խորեն Մարդոյանին և Հայկ Լապոյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Վան Լապոյանը խնդրել է մանրամասն ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը՝ շեշտելով, որ Կանադայում բազմաթիվ հայ գործարարներ ցանկություն ունեն իրենց մասնակցությունն ունենալ հիմնադրամի ծրագրերին: Աննա Հակոբյանը շեշտել է, որ հիմնադրամի ուղղությունները լայն են և ընդգրկուն:

«Հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Մեր նպատակն է երկարաժամկետ ծրագրերի միջոցով հասնել լուրջ փոփոխությունների, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, փոխել մտածելակերպը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը՝ մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեության ուղղությունները:

Վան Լապոյանի խնդրանքով Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Հայաստանն առանց պլաստիկե թափոնների» ծրագրի հիմնական ուղղությունները: Ղազարյանը շեշտել է, որ ծրագիրը իրականացման փուլում է և հիմնական նպատակն է հասարակության լայն զանգվածների շրջանում հասնել վարքագծի փոփոխության, որպեսզի մարդիկ հրաժարվեն կիրառել պլաստիկե իրեր:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս