Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել մի գործարանի բացմանը, որը գոյություն չունի. AntiFake.am
Կառավարության ղեկը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է աշխարհում միակ օրինակը, որտեղ հեղափոխությունից հետո ներդրումները ոչ թե նվազելու են, այլ ավելանալու են, գրանցվելու է տնտեսական աճ, ստեղծվելու են նոր գործարաններ և արտադրամասեր։ Իր հայտարարությունների հավաստիությունը հիմնավորելու համար Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ անձամբ ներկա է գտնվում տարբեր գործարանների և արտադրամասերի բացմանը։
AntiFake.am-ը որոշել է ուսումնասիրել, թե ինչ վիճակում են գտնվում այն գործարանները, որոնք բացվել են Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք, և որոնց բացմանը անձամբ ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը։
Դեռևս 2018թ. դեկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Մերձավանում «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Հաղորդվում էր, որ «նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրները»:
AntiFake.am-ը փորձել է կապվել գործարանի ադմինիստրացիայի հետ, պարզելու համար, թե բացումից հետո ինչ հաջողություններ է գրանցել գործարանը, որքանով են բավարարվել ներդրումային սպասելիքները և ինչ մասշտաբ է ընդգրկում գործարանի արտադրանքի գործածությունը և ինչ ծրագրեր կան արտադրանքը արտահանելու համար: Սակայն մեզ չհաջողվեց գտնել որևէ կոնտակտային տվյալ գործարանի հետ կապ հաստատելու համար:
Տեղեկություն ստանալու համար աղբյուրը կապվել է Մերձավանի համայնքապետարանի հետ՝ խնդրելով որևէ տեղեկություն կամ կոնտակտային տվյալ տրամադրել, սակայն համայնքապետարանի աշխատակիցը տեղյակ չէր և խոստացավ ճշտել: Եվս մեկ զանգի արդյունքում աշխատակիցը, որը ինքն էլ զարմացած էր, տեղեկացրել է, որ գործարանը չի գործում: AntiFake.am-ի հարցին, թե որոնք են գործարանի աշխատանքների կասեցման պատճառները, աշխատակիցը հայտնել է, որ որևէ տեղեկություն չունի:
Ավելին, աղբյուրը հայտնում է, որ «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի մասին որևէ նշում չկա նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել մի գործարանի բացմանը, որն անգամ գրանցված չի էլ եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: