Քաղաքաշինության նախարարի ունեցվածքից. 30 միլիոն դրամի ադամանդե քարեր և ոսկյա զարդեր
Պարզվում է` քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը սեր ունի ոսկյա զարդերի և գեղանկարների նկատմամբ: Նա 12 միլիոն դրամի գեղանկարների հավաքածու ունի, ինչպես նաև 30 միլիոն դրամի ադամանդե քարեր և ոսկյա զարդեր:
Նախարարը անշարժ գույքի պակաս էլ չունի: Երևան քաղաքում ունի 480.7 քմ մակերեսով բնակելի տուն, մայրաքաղաքի մեկ այլ հասցեում հողամաս, լողավազան, անավարտ կառույց, 74.8 քմ մակերեսով բնակարան: Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում ունի 0.889 հա վարելահող և 600 հատ պտղատու ծառեր, իսկ Ծաղկաձոր քաղաքում համատեղ սեփականության իրավունքով նախարարին է պատկանում 294.32 քմ բնակելի տուն և 0.058 հա հողամաս:
Սամվել Թադևոսյանն ունի մեկ ավտոմեքենա` 2008 թ. արտադրության «ԲՄՎ X5»:
2012թ. մարտի 1-ի դրությամբ, վերջին մեկ տարվա կտրվածքով, նախարարն ունեցել է 27 միլիոն 233 հազար դրամ եկամուտ, որից 5 միլիոն 233 հազար դրամը վերահսկիչ պալատից ստացած աշխատավարձն է (մինչև պատգամավոր, ապա նաև նախարար դառնալը, Սամվել Թադևոսյանը աշխատել է վերահսկիչ պալատում), իսկ 22 միլիոնը` գյուղմթերքների իրացումից ստացված եկամուտն է:
Մարտի 1-ի դրությամբ նախարարի հաշվին եղել է 20 միլիոն դրամ, 20.000 դոլար և 6000 եվրո:
Ուշագրավ մի փաստ. բոլոր պաշտոնյաները գյուղմթերքների իրացումից միլիոնատեր են դառնում, բացի հողագործությամբ զբաղվող գյուղացուց: Բազմիցս հորդորել ենք պաշտոնյաներին բացել «հաջողությունների գաղտնիքը», սակայն` ապարդյուն:
Hetq.am
Լուսանկարը՝ henaran.am-ի