Իրանում քննարկում են խորհրդարանական կառավարման անցնելու նպատակահարմարությունը
Իրանի խորհրդարանի պատգամավորների կարծիքները կիսվել են այն հարցում, թե երկիրն ինչպես կընդունի ղեկավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցում կատարելու հնարավորությունը, տեղեկացնում է իրանական Etemad թերթը:
Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի այն հայտարարությունը, որ նախագահական համակարգն իր տեղը կարող է զիջել խորհրդարանականին, ինտենսիվ բանավեճերի պատճառ է դարձել: Նախագահական համակարգը խորհրդարանականով փոխարինելը կնշանակի նախագահի դերի նվազեցում և վարչապետի դերի ամրապնդում:
Այս գաղափարի պաշտպաններն ի ցույց են դնում խորհրդարանի և նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորած գործադիր իշխանության միջև լարված հարաբերությունները՝ ընդգծելով, որ այս փոփոխությունը կհանգեցնի կառավարության նկատմամբ խորհրդարանի առավել ուժեղ վերահսկողությանը:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կարծում է, որ համակարգի փոփոխումը կհանգեցնի առավել արդյունավետ ղեկավարման: Իսկ ահա Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանին, ով ներկայումս գլխավորում է Նպատակահարմարության խորհուրդը, հանդես է գալիս այդ գաղափարի դեմ:
Իրանական թերթը հավելում է, որ Իրանի խորհրդարանում ստեղծվել է հատուկ խմբակցություն, ով պետք է զբաղվի պետական ղեկավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցում կատարելու հարցով: Այդ խմբակցությունն արդեն իսկ սկսել է քննարկել վարչապետի ու նախագահի թեկնածությունները: