Ասանժը պետք է պատասխան տա իր արածների համար. Հիլարի Քլինթոն
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որն ապրիլի 11-ին կալանավորվել է Մեծ Բրիտանիայում, պետք է պատասխան տա իր արածների համար։
«Բանն այն է, որ նա պետք է պատասխան տա իր արածների համար, գոնե, ինչում նրան մեղադրում են»,- մեջբերում է անում «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը Քլինթոնի խոսքից:
«Ես իրոք փոքր-ինչ հեգնական եմ համարում, որ նա (Ասանժը) միակ օտարերկրացին է, որին (ԱՄՆ) ներկայիս վարչակազմն ուրախ է տեսնելու Միացյալ Նահանգներում»,- հավելել է նա:
2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական նախընտրական արշավի շրջանում WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ներքին նամակագրությունը, ինչը բացասաբար է անդրադարձել Քլինթոնի ժողովրդականության վրա, որը նախագահի թեկնածու էր դեմոկրատներից: Հետագայում նա բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարը տանուլ տվեց հանրապետական Դոնալդ Թրամփին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: