Հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է․ Լևոն Մնացականյան
Արցախը դե ֆակտո անկախ է, ինչը պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ այդ հարցի լուծման ճանապարհը ռազմական գործողություններն են, որոնք վաղ թե ուշ կլինեն։ News.am-ի հաղորդմամբ` այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Արցախի Պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով նոր պատերազմի հավանականությանը։
«Իրավիճակը արտաքինից կարելի է ասել, որ հանգիստ է։ Եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է նկատի առնել ադրբեջանական կողմի սպառազինությունների շարունակական ավելացումը․ «Հակառակորդը ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականցնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար իհարկե վճարում է։ Չեմ կարծում, որ այդքանը արվում է խաղաղության համար»։
Լևոն Մնացականյանը համարում է, որ Արցախի անկախությունը դե յուրե հաստատելու համար, ըստ ամենայնի, լինելու է պատերազմ․ «Ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի, եւ մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է, որովհետեւ վերջիվերջո անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ մենք գիտենք, որ մյուս կողմը դրա համաձայնությունը չի տա, եւ պետք է հարցը լուծվի։ Հարցի լուծման միակ ճանապարհը, կարծում եմ, ռազմականն է, եւ պետք է պատրաստվենք մարտական գործողությունների։ Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»,- ասաց ՊԲ նախկին հրամանատարը։