Բաժիններ՝

«Որտեղ գործի ու պատասխանատվության կարիք կար, Արամ Մանուկյանը միշտ ներկա է եղել»

Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակի առթիվ ՀՅ դաշնակցության ներկայացուցիչներ և այլ գործիչներ հանդիսավորությամբ ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին: Հիշատակի արարողությունն անցկացվեց մարտի 30-ին:

«Արամ Մանուկյանն իր տեսակով անկրկնելի է մեր նորագույն պատմության մեջ: Որտեղ գործի ու պատասխանատվության կարիք կար, Արամ Մանուկյանը միշտ ներկա է եղել: Նա, լինելով դաշնակցական, հեղինակություն էր բոլորի համար: Նա գիտեր կուսակցական շահերից վեր կանգնել, մտածել համազգային շահերից ելնելով: Եվ այս առումով նրա ներդրումը մեր նորագույն պատմության կերտման մեջ անգնահատելի է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Նրա կարծիքով՝ տարբեր սերունդներ Արամ Մանուկյանին ճանաչելու ավելի լավ հնարավորություն պետք է ունենան: Համբարձումյանը նկատեց՝ ցավոք խորհրդային պատմության ժամանակ նրա դերի ու նշանակության մասին դասագրքերում չի գրվել: «Սակայն, կարծում եմ, որ նա անգամ տասնամյակների խորքից վեր է հառնելու, և դրա առհավատչյան Հանրապետության հրապարկում տեղադրված նրա արձանն է»,-նկատեց Համբարձումյանը:

Արամ Մանուկյանի արձանին ծաղիկներ խոնարհելուց հետո միջոցառում է նախատեսված նաև Սարդարապատի հուշահամալիրում:

Արամ Մանուկյանը ծնվել է 1879-ի մարտի 19-ին: Նա մեծ ավանդ է ունեցել հայկական պետականության կայացման գործում: Մանուկյանը համարվում է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս