Դեմոկրատների առաջին հեռուստաբանավեճերը 2020 թ. նախընտրական արշավի ընթացքում կանցկացվեն Մայամիում
2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից պաշտոնական թեկնածու առաջադրվելու համար հավակնորդների առաջին հեռուստաբանավեճերը 2019 թվականի հունիսի 26-27-ին կանցկացվեն Մայամիում (Ֆլորիդայի նահանգ):
Այդ մասին հայտնել է Election Central պորտալը, որում զետեղվում են առաջիկա ընտրությունների նախապատրաստմանը վերաբերող նյութերը: Հեռուստաբանավեճերի հեռարձակումն իրականացնելու են NBC եւ Telemundo հեռուստաընկերությունները: Մասնակիցների կազմը, հեռուստաբանավեճերի անցկացման ստույգ ժամանակն ու վայրը դեռ չեն հայտարարվել:
Փետրվարի կեսին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն հայտնել էր ընդհանուր առմամբ հավակնորդների 12 հեռուստաբանավեճ անցկացնելու մտադրության մասին, ընդ որում՝ դրանցից վեցը կկայանան դեռ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, եւս վեցը՝ 2020 թվականի հունվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակաշրջանում:
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն որոշել է հրաժարվել 2016 թվականի նախընտրական արշավի ընթացքում կիրառված պրակտիկայից, երբ բոլոր հավակնորդներին, ըստ ժողովրդականության աստիճանի, բաժանել էին երկու խմբի, եւ առաջատարների խմբի հեռուստաբանավեճերը մեծ լսարան էին հավաքում այն դեպքում, երբ հետնապահների հեռուստաբանավեճերն անցնում էին աննկատ:
Առաջիկա հեռուստաբանավեճերի մասնակիցներին որոշելու են վիճակահանությամբ:
Ըստ նախնական գնահատումների, նշել է Election Central-ը, բանավեճերին կարող են մասնակցել գրեթե երկու տասնյակ դեմոկրատ-հավակնորդներ: 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին, մասնավորապես, հայտարարել են Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, որը Հիլարի Քլինթոնի մրցակիցն էր 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար, Սան-Անտոնիո քաղաքի (Տեխասի նահանգ) նախկին քաղաքագլուխ Ջուլիան Կաստրոն, որը բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման նախարարի պաշտոնն էր զբաղեցնում Բարաք Օբամայի վարչակազմում, Մերիլենդի նահանգից նախկին կոնգրեսական Ջոն Դիլենին, Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բաթիգիգը, Հավայիի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, Նյու Յորքի նահանգից սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդը, Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Մինեսոտայի նահանգից սենատոր Էմի Քլոբուշարը, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերը:
2020 թվականին Սպիտակ տան համար պայքարի հավանական մասնակիցների թվում նշում են նաեւ ԱՄՆ-ի 76-ամյա նախկին փոխնախագահ Ջո Բայդենին:
Նախընտրական արշավի մեկնարկը տրվելու է 2020 թվականի փետրվարին, երբ Այովայի եւ Նյու-Հեմփշիրի նահանգներում կանցկացվեն կուսակցական ակտիվիստների առաջին ժողովներն ու առաջին ընտրությունները, որոնցում կընտրվեն դեմոկրատների եւ հանրապետականների ազգային համագումարների պատգամավորները:
Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 13-16-ը Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ), որտեղ կհայտարարվի նախագահի պաշտոնի համար պայքարում Թրամփի մրցակցի անունը:
Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչեւ 27-ը՝ Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: