Մարտի 1-ի զոհերից մեկի մայրը դիմելու է եվրոպական կառույցներին

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, անցած շաբաթ դիմել է Հատուկ քննչական ծառայությանը` խնդրելով տեղեկություններ հաղորդել գործի ընթացքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Քննչական ծառայությունը պատասխանել է, որ գործում նոր բացահայտումներ չկան ու լինելու դեպքում դրանք կհրապարակեն: Այդ պատասխանը Խաչատրյանի մայր համարում է «ոչինչ չասող»` շարունակելով մեղադրել իշխանություններին անգործության մեջ: Նա հիշատակում է եվրոպական կառույցների գնահատականները, որտեղ նրանք վկայակոչել են նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ մարտի 1-ի գործի քննությունը նոր թափ է ստացել:

«Եվրոպական կառույցները անընդհատ դրական գնահատական են տալիս, որ 2011 թվականի ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանը ասել է՝ նոր թափ հաղորդեք սպանությունների բացահայտմանը: Ուղղակի ոնց որ մեզ ծաղրեն: ՀՔԾ-ի այս պատասխանի հիման վրա ես նորից պետք է դիմեմ եվրոպական կառույցներին, որ նրանք ոչ թե ողջունեն, այլ ստիպեն այս իշխանություններին բացահայտել սպանությունները», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:

Զոհվածի մայրը դժգոհում է, որ մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավարի փոփոխությունից հետո իրենք հայտնվել են անիրազեկության մեջ (քննչական խմբի ղեկավարի պաշտոնում անցած տարի աշնանը Վահագն Հարությունյանին փոխարինեց Վաղինակ Ջանազյանը):

«Ջանազյանի նշանակվելուց հետո երբևէ իր հետ չենք հանդիպել, չենք տեսել գոնե հեռուստատեսությամբ: Օրինակ, Վահագն Հարությունյանը հեռուստատեսությամբ ելույթ էր ունենում. ճիշտ է, էական որևէ բան չի ասել, բայց ամեն դեպքում հանրությունը տեսնում էր, որ մարտի 1-ի գործը գոյություն ունի: Ջանազյանի ընտրվելուց հետո ընդհանրապես որեւէ ձայն չկա»,- ասել է Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Նրան զայրացրել է մամուլում տեղ գտած Ջանազյանի այն հայտարարությունը, թե ամենամսյա հանդիպումները լրագրողների հետ այլևս տեղի չեն ունենում, քանի որ չկա հասարակական պահանջ:

Նախկին զինդատախազ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Կոնգրեսը հետամուտ է մարտի 1-ի հանցագործության բացահայտմանն ու ԱԺ-ում հանդես է գալու մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր ժամականավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

«Այնտեղ որոշ քաղաքական ուժերի հետ համագործակցության սկիզբ է դրված, և մենք քաղաքական հարմար պահ պիտի ընտրենք, երբ առավել նպաստավոր պայմաններ կլինեն այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- ասել է Ջհանգիրյանը:

Հարցին, թե արդյո՞ք ակնկալում են, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կմիանա այս նախաձեռնությունը, Ջհանգիրյանը պատասխանել է. «Հիմա այդպիսի պնդում չեմ կարող անել, բայց ես կարծում եմ, կյանքը շատ փոփոխական է, և չի բացառվում այնպիսի իրավիճակի ձևավորում, որի ժամանակ նաև այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները կմիանան մեր նախաձեռնությանը»:

Ինչպես Ջհանգիրյանը, այսպես էլ մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը շարունակում են պնդել, որ իշխանությունները մարտի 1-ը չեն բացահայտի: Ըստ նրա՝ մարտի 1-ի արդյունքում է, որ այս վարչախումբը մինչ օրս գոյատևում է. «Քանի դեռ այս իշխանությունը ղեկավարում է այս երկիրը, ես մի բանում եմ վստահ, որ որևէ մարդասպան իրական պատասխանատվության չի կանչվի. ապօրինի ռազմական դրություն հայտարարած հանրապետության նախագահը քրեական պատասխանատվության չի կանչվի, Զինված ուժերը ապօրինի արտակարգ դրությանը մասնակցելու պարտադրած անձինք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, պատասխանատվության չեն կանչվի նաև խաղաղ ցուցարաներին ծեծած, ջարդած, փշրած, անզեն ցուցարաների վրա կրակ արձակած հարյուրավոր իրավապահներ, հանցավոր խմբի անդամներ և այլն»: Նաև հավելել է, թե հանցագործությունը չի բացահայտվում, որովհետև իրավապահները քաղաքական նման թույլտվությունն չունեն:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝  ՀՔԾ-ն տեղեկացրել է, որ նախաքննությունը շարունակվում է, հարցաքննվել է ավելի քան 4000 վկա ու տուժող:

«Կատարվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները, ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ` ինչպես տասն անձանց մահվան հանգմանքները, այնպես էլ զանգվածայաին անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունների բոլոր դեպքերը բացահայտելու ուղղությամբ, սակայն դրանք դեռևս դրական արդյունքներ չեն տվել»,- նշված է ՀՔԾ-ի պատասխան նամակում:

Տեսանյութեր

Լրահոս