«2018 թվականը թող հռչակեն 1 թիվ, վերացնեն տոմարը և Նիկոլի թվից սկսեն հաշվել». Վահան Բաբայան

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը:

«Եվս մեկ անգամ տեսարաններ են ապահովում, մարդկանց են առանձնացնում, որովհետև այն քաղաքացին, որը չի մասնակցել այդ գործընթացներին, ձայն չի տվել «Իմ քայլը» դաշինիքին, Նիկոլ Փաշինյանին, չեն ողջունում կամ ողջունել են, բայց այսօր չեն ողջունում տեղի ունեցած գործընթացները, ստացվում է, որ այդ մարդկանց տո՞նը չէ: Կամ՝ համեմատում են հեղափոխության և Անկախության օրերն ու ասում են՝ մարդիկ կային, որ դեմ էին անկախությանը, բայց տոն եղավ:

Եկեք մի հատ հասկանանք, թե անկախության համար ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն է կողմ եղել ու քանի՞ տոկոսն է ձեզ ձայն տվել: Եվ հետո, ամեն կուսակցություն կամ ամեն ղեկավար իշխանության գալուց հետո իր հաղթանակի օրը նշանակի ու տոնի՞: Դա ի՞նչ է նշանակում: Սա ևս մեկ անգամ, ավելի քաղաքակիրթ լեզվով՝սևի ու սպիտակի, մերոնքականի ու ձերոնքականի  բաժանելու քաղաքականություն է: Եթե ես ՀՀ քաղաքացի եմ ու չեմ նշում այդ օրը, էլ ո՞նց է դառնում քաղաքացու օր:

Տոները պետք է լինեն համազգային, բայց եթե իրենք նման լոգիկայով են շարժվում, թող գնան Ֆրանսիական մեծ հեղափոխության ճանապարհով, 2018 թվականը հռչակեն 1 թիվ, վերացնեն տոմարը և Նիկոլի թվից սկսեն հաշվել: Եվ ինչպես Ֆրանսիայում էր, երբ ամիսները կոչվեցին հեղափոխականների անուններով, այստեղ էլ թող իրենց անուններով դնեն. մի ամիսը թող անվանակոչեն Մակունցի անունով, մյուսը՝ Արայիկ Հարությունյանի, և այդպես շարունակ: Բոլորս ծափ կտանք ու կասենք, որ մինչև 1 թիվը ոչինչ չի եղել՝ բացի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Վահան Բաբայանը՝ այս ամենը որակելով ծիծաղելի:

«Սրա շարունակությունը կարող է լինել այն ցնդաբանությունը, որ պետք է ստեղծել հեղափոխության թանգարան: Չեն կարող սա ստեղծել պարզ պատճառով՝ դա ձեռառնոցի է»,- հավելեց նա:

Բլոգեր, մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանն էլ ասաց, թե քաղաքացու օրվա փոխարեն՝ կարելի էր մտածել 2016թ.ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օր ունենալու մասին:

Հարցին՝ ինչո՞ւ այդ մասին չմտածեցին նախորդ իշխանությունները, ավելին՝ 2017թ. հենց այդ օրը խորհրդարանական ընտրություններ անցկացրեցին, Տիգրան Քոչարյանը պատասխանեց.

«Իհարկե, սխալ էր, անգամ այդ օրվա հրավառությունն էր սխալ, անբարոյականություն էր: Բայց հեղափոխությունն արվել է նաև նրա համար, որ նախորդ սխալները չկրկնվեն»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս