Մոգերինին վերահաստատել է, որ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ
ԵՄ-ն պաշտոնապես հաստատում է, որ չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ: Այդ մասին ասված է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ մարտի 27-ին տարածված հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:
Նման միակողմանի գործողություններին դեմ են արտահայտվել ոչ միայն Սիրիան եւ արաբական ու իսլամական աշխարհի այլ երկրներ, այլեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրոպայի հանգուցային երկրները, ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան:
«Գոլանի բարձունքների կարգավիճակի նկատմամբ ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել: Միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի 242 եւ 497 բանաձեւերին համապատասխան, Եվրոպական միությունը չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ»,-ասված է Մոգերինիի հակիրճ հայտարարության մեջ:
1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ:
Անեքսիան անվավեր է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: