«Փոխնախարարներից ազատվելը քաղաքական որոշում է եղել». նախարար

Այսօր լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է որոշել ազատվել իր երկու տեղակալներից՝  փոխնախարարներ Սուրեն Քրմոյանից և Արթուր Հովհաննիսյանից։ Լրագրողները ճշտել են՝ նրանց  աշխատանքից ազատելը հատկապես ո՞ւմ որոշումն է եղել:

Նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանել է, որ նրանց պաշտոններից ազատելու որոշումը կառավարության քաղաքական որոշման արդյունքում է արվել.

«Փոխնախարարների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, և նրանց ազատումը  մեր կառավարության քաղաքական որոշման արդյունքում է եղել: Իսկ առաջարկի մասով նշեմ, որ այո, ձևաբանական առումով, ես եմ առաջարկն արել վարչապետին, քանի որ նախարարն առաջարկում է, վարչապետն ընդունում է կամ չի ընդունում որոշումը, իսկ այս պարագայում փոխնախարարներին ազատելը  մեր ընդհանուր որոշման արդյունքում է արվել»:

Լրագրողների ճշտող հարցին՝ իսկ ի՞նչը այդուհանդերձ չգոհացրեց Ձեզ, ինչո՞ւ ազատվել նրանցից,  Արտակ Զեյնալյանն այսպես է արձագանքել.

«Մենք շատ գոհ ենք նրանցից, բարձր ենք գնահատում նրանց աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը,  բայց սա քաղաքական թիմի կայացրած որոշումն է եղել, իսկ թե ովքեր կփոխարինեն նրանց, չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մարտի 22-ին արդարադատության փոխնախարարներ Սուրեն Քրմոյանն ու Արթուր Հովհաննիսյանն ազատվեցին  պաշտոններից: Նրանց պաշտոնանկության մասին մամուլը կանխատեսումներ անում էր դեռ հունվար-փետրվար ամիսներին, որպես հիմնական վարկած՝ շրջանառվում էր Հայաստանում Ամանորյա տոները նշելու մասին Փաշինյանի հատուկ հրահանգին չհետևելը:

Սուրեն Քրմոյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2014թ. մայիսից, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ 2016թ. հոկտեմբերից:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս