ՀԱԿ-ում չգիտեն` ինչ անել

«Հայ ազգային կոնգրեսը դեռևս քննարկում է սեպտեմբերին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին դաշինքից թեկնածուներ առաջադրելու հարցը»,-  Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Մենք հիմա քննարկում ենք, հավաքում ենք ինֆորմացիա համայնքապետերի և ավագանու անդամների թեկնածուների համար: Դեռևս կոնկրետ անուններ չունենք։ Երբ կլինի, կհայտնենք»,- ասել է նա` խոստովանելով, որ ՀԱԿ-ի հնարավորությունները գնահատելու համար պետք է վերլուծություններ կատարեն, որպեսզի հասկանան« թե Կոնգրեսին ինչ-որ ռազմավարությո՞ւն է հարկավոր հաղթանակ արձանագրելու համար, թե՞ ոչ: «Մենք հասկանում ենք, որ երկրում չկան պայմաններ ազատ ընտրությունների համար, լինի դա խորհրդարանակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ տեղական»,- նշել է նա` ավելացնելով, որ դրանից ելնելով էլ` իրենք կհենվեն մի ելակետի վրա բոլոր ընտրությունները, այդուհանդերձ, օգտագործե՞լ, թե՞ ոչ: «Այսինքն` կարողանո՞ւմ ենք դրանով թուլացնել ռեժիմին, մարդկանց ակտիվացնել, թե՞ չէ: Այդ տեսակետից կվերլուծենք իրավիճակը և մասնակցելու որոշում կընդունենք»,- հայտարարել է Զուրաբյանը:

Փաստորեն, ՀԱԿ համակարգողը գրեթե ուղղակիորեն խոստովանում է, որ Կոնգրեսը չգիտի` ի՞նչ անել: Այսինքն` ՀԱԿ-ը հայտնվել է մի իրավիճակում, որում ոչ թե ինքն է գոնե մասամբ ուղղորդում քաղաքական գործընթացները, ինչպես ժամանակին, այլ իներցիայով ենթարկվում է այդ գործընթացներին: Այս իրավիճակի պատճառների մասին շատ է գրվել ու խոսվել, հնչել են ամենատարբեր գնահատականներն ու մեկնաբանությունները, սակայն դրանցից ամենաառանցքայինը, թերևս, այն է, ինչի մասին խոսել է Զուրաբյանը վերը նշված մեկնաբանության մեջ: Խոսքը ցանկացած ճանապարհով «ռեժիմին թուլացնելու» թեզի մասին է, որը դրվեց ՀԱԿ-ի գործունեության հիմքում` որպես ԲՀԿ-ի հետ համագործակցության արդարացում: Կոնգրեսականները հենց այդ հիմնավորմամբ էին արդարացնում ու շարունակում արդարացնել ԲՀԿ-ին ուղղված իրենց հաճոյախոսությունները, որոնք խորհրդարանական ընտրություններից առաջ և ընթացքում ՀԱԿ-ին դարձրեցին գործիք` ոչ թե սահմանադրական կարգի վերականգնման (ինչպես ժամանակին առաջարկում էր Լևոն Տեր-Պետրոսյանը), այլ ԲՀԿ-ի հզորացման ու ընդդիմադիր կերպարի ձևավորման համար: Այսօր արդեն ակնհայտ է, որ «ռեժիմին թուլացնելու» ՀԱԿ-ի մարտավարությունն իշխանությունը հրաշալի կերպով օգտագործեց նույն ԲՀԿ-ին ծառայելու միջոցով Կոնգրեսին ոչ թե թուլացնելու, այլ գրեթե կազմալուծելու համար: ՀԱԿ-ն ինքը մտավ այդ խաղի մեջ, որից նույնիսկ հիմա դուրս գալ չի ուզում: Իսկ խաղի յուրաքանչյուր օր ավելի է հեղինակազրկում ու անհեթեթ վիճակում դնում ՀԱԿ-ին: Ինչպես, օրինակ, Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին առաջադրելու պարագայում: Դրանից մոտ մեկ ամիս առաջ նույն Լ. Զուրաբյանը հպարտորեն հայտարարում էր, որ ՀԱԿ-ը ՏԻՄ ընտրություններում կսատարի ոչ կոալիցիոն ուժերի առաջադրած թեկնածուներին: Իսկ երբ հայտնի դարձավ, որ իրենց ոչ կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ականին, ըստ էության, առաջադրում է ոչ թե ԲՀԿ-ն, այլ ՀՀԿ-ն, Զուրաբյանն ընդամենն ասաց, թե այն թեկնածուների դեպքում, որոնց սատարում է «ռեժիմը», իրենք, բնականաբար, այլ մոտեցում կորդեգրեն: Այսինքն` ՀԱԿ-ը «ռեժիմի» դեմ պայքարում որպես գործընկեր ընտրել է մի ուժի, որն առանձին վերցրած գործընթացներում ոչ միայն չի թուլացնում, այլև ծառայում է  նույն այդ «ռեժիմին»:

 

Տեսանյութեր

Լրահոս