«Մենք ոգևորված ենք, որ մեր ձայնը լսելի դարձավ». Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները՝ տնօրենի հրաժարականի մասին
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
«Ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր այս քայլս որպես թուլություն կորակեն, քանի որ ընտրված լինելով՝ որպես օրինական տնօրեն, և չոտնահարելով Ավշարի միջնակարգ դպրոցում դասավանդող որևէ ուսուցչի և սովորող որևէ աշակերտի իրավունք, հրաժարական եմ տալիս, սակայն հույս ունեմ, որ որպես ներկա կամ ապագա ծնողներ՝ ձեզանից յուրաքանչյուրը կհասկանա իմ որոշումը․ ինձ համար իմ ապագա երեխայի առողջությունը շատ կարևոր է, իսկ ձևավորված ատելության մթնոլորտի պայմաններում իմ հետագա պաշտոնավարումը կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար»,- ասված է պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ:
Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց կարծիքով՝ տնօրենը ճիշտ որոշում է կայացրել:
«Մարտի 25-ին մարզից առաջադրված պատգամավոր Հովիկ Աղազարյանին ենք հրավիրել մեզ մոտ, զրուցել ենք, ու նա խոստացել էր հանդիպել մարզպետին: Սա է եղել վերջին հանդիպումը, բայց միայն այս հանդիպումը չէր կարող դեր ունենալ, որովհետև այլ տարբերակ չկար: Չէր կարելի այսքան մարդու կարծիքը և արդար պահանջը հաշվի չառնել: Սա կամայականություն չէ, մենք տիկին Անդրեասյանի մարդ տեսակի հանդեպ ոչինչ չունենք, այստեղ միայն աշխատանքային հարաբերություններն էին, որը անհնար էր մեր և իր միջև: Մենք ոգևորված ենք այն առումով, որ մեր ձայնը լսելի դարձավ»,- նշեց դպրոցի ուսուցիչներից Ասպրամ Հովսեփյանը:
Նրա փոխանցմամբ՝ նոր տնօրենի ընտրությունը հավանաբար կլինի երկու ամսից:
Հիշեցնեք, որ կառավարման խորհրդի անդամ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Փամբուկյանի հաղորդմամբ՝ մարտի 1-ին տեղի է ունեցել տնօրենի ընտրություն, եղել է մեկ թեկնածու, և 7 ձայնով տնօրեն է ընտրվել Հերմինե Անդրեասյանը, ով, նրա փոխանցմամբ, հրաշալի ծրագիր էր ներկայացրել:
«Բոլորս շատ ուրախ էինք, իսկ մարտի 11-ին արդեն նշանակվեց տնօրենի պաշտոնում, եկավ, և մեր ուրախությունը տևեց մի քանի ժամ: Պարզվեց, որ հրավիրել է ուսումնական գծով փոխտնօրենին և առաջարկել է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնել, հակառակ դեպքում՝ փաստարկներ, պատրվակներ կգտնի՝ նրան աշխատանքից ազատելու համար: Երբ իմացա այդ մասին՝ դիմեցի մյուս խորհրդի անդամին, միասին բարձրացանք Անդրեասյանի մոտ, որպեսզի իրավիճակը շտկենք, իսկ նա պատասխանեց, որ իր որոշումն անփոփոխ է: Ասացի՝ այդքան իրավունք ունի՞ առանց մեզ հետ խորհրդակցելու կամ գոնե մեկ օր իրավիճակին ծանոթանալու, աշխատելու՝ նման բան որոշի: Կրկնեց, որ իր որոշումն անփոփոխ է, եկել է տնօրեն, իր հետ պետք է բերի վստահելի ընկերուհուն, ու միասին շենացնելու են դպրոցը»,- հայտնել էր Կարինե Փամբուկյանը:
Անի Կարապետյանը