Կալանավորված անձը դադարեցրել է 44 օր տևած հացադուլը դատախազների այցի արդյունքում
Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանի և համապատասխան քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ուղեկցությամբ մարտի 26-ին այցել է արդեն 44 օր հացադուլի մեջ գտնվող, ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժսպասարկում ստացող Կարեն Հովհաննիսյանին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Մոտ 2.5 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Կարեն Հովհաննիսյանի կողմից ներկայացված՝ իր վերաբերյալ քրեական գործի նախաքննությանը, իրեն ներկայացված մեղադրանքին վերաբերող բոլոր հարցերը: Դատախազները հորդորել են դադարեցրել առողջությունը քայքայող պայքարի ծայրահեղ այդ միջոցը՝ օրենքով սահմանված կարգով ծանոթանալ քրեական գործի նյութերին և դրանից հետո մեղադրանքի հիմնավորվածության կապակցությամբ առարկություններ և միջնորդություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնել դատախազին: Հավաստիացվել է, որ դրանք դառնալու են պատշաճ քննարկման առարկա, լիարժեք ապահովվելու են նրա դատավարական իրավունքները, և այդ ամենը երաշխավորելու նպատակով ընթացող քննության օրինականության նկատմամբ իրականացվելու է դատախազական պատշաճ հսկողություն: Հանդիպման արդյունքում Կարեն Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը»,- գրել է Աբրահամյանը։