«Չեմ ցանկանում, որ հայկական օրացույցը դառնա Խորհրդային Միության օրացույցի նման, երբ ամեն օր ինչ-որ օր էր նշվում». Ռուբեն Բաբայան

Մարտի 21-ին ՀՀ կառավարությունը հերթական նիստի ընթացքում հավանության արժանացրեց «Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել  2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրավիճակով, ուստի առաջարկվել է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի:

Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ, երբ մամուլում շրջանառվում էր այս տեղեկությունը, որ իշխանությունները նման մտադրություն ունեն, ավելին՝ պատրաստվում են քաղաքացու օր հռչակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ին, իշխանության շատ ներկայացուցիչներ սկսեցին մամուլին մեղադրել ապատեղեկատվություն տարածելու մեջ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ևս հերքել էր այդ տեղեկությունները՝  նշելով, որ նման քննարկում իրենք երբևէ չեն ունեցել։ Այս տեղեկությունը լուրջ քննադատությունների արժանացավ նաև սոցցանցերում, քանի որ այդկերպ ստվերվում էր նաև Ապրիլի 24-ը, ուստի կառավարությունը որոշեց, որ Քաղաքացու օրը պետք է նշվի ապրիլի վերջին շաբաթ օրը:

Մեզ հետ զրույցում Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն անդրադառնալով կառավարության ընդունած այդ որոշմանը՝ նկատեց, որ, եթե այդ օրը նշում են նրա համար, որպեսզի ազգաբնակչությունն իրեն զգա երկրի քաղաքացի, ապա անհրաժեշտ է, սակայն մի քիչ ռոմանտիկ է հնչում, որ այդ ամենին կարող են հասնել՝ միայն օրը նշելով։

«Քաղաքացի զգալու համար ոչ թե կոմպլեքս միջոցառումներ են պետք, այլ մեր կյանքի փոփոխության համար շատ կարևոր բաներ։ Կարծում եմ՝ առաջին հերթին իրեն քաղաքացի զգում է այն մարդը, որն իրեն համարում է երկրի տերը։ Կարծում եմ՝ երկրի տերն այն մարդն է, որն իրեն պատասխանատու է զգում այն ամենի համար, ինչ կատարվում է երկրում, և այն իրավիճակի համար, որի մեջ գտնվում է երկիրը։ Ընդհանրապես շատ եմ սիրում «քաղաքացի» բառը, որովհետև այն իր մեջ որոշակի պատասխանատվություն է կրում, բայց, ըստ իս, միայն այդ օրը նշելը քիչ է։ Մեծ ծրագրեր պետք է լինեն, և մեծ փոփոխություններ պետք է կատարվեն»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Հարցին՝ ինչպե՞ս են նշելու այդ օրը, կա՞ ինչ-որ տարբերակ, Ռուբեն Բաբայանն անկեղծ խոստովանեց, որ չգիտի, քանի որ երբևէ միջոցառումներ չի կազմակերպել։

«Դժվարանում եմ ասել, գուցե փորձենք ինչ-որ օրինակների վրա «քաղաքացու օր» հասկացողությունն առաջ բերել, թե ովքեր են եղել ու կան մեր երկրի քաղաքացիները։ Փորձենք այդ մարդկանց կենսագրությունները բացել, ներկայացնել ապրելու ու գործելու ոճը, որովհետև չկա սխեմա, թե ինչպիսին պետք է լինի երկրի քաղաքացին։

Օրինակ՝ Հովհաննես Թումանյանը քաղաքացի՞ էր, թե՞ ոչ, հաստատ քաղաքացի էր՝ իր դիրքորոշումով, մոտեցումներով, պատասխանատվությամբ, մտավորականի ու արվեստագետի կեցվածքով, մենք գիտենք նրա նամակներն ու հոդվածները, թե ինչքան էր նա անհանգստացած, առաջին հերթին՝ ոչ թե երկրի, այլ՝ հանրության  հոգեբանական վիճակով։

Նա շատ լավ էր հասկանում, որ մեր բոլոր ցավերն ու դժբախտությունները գալիս են մեր միջից։ Եվ եթե մենք պետք է չաշխատենք և չփորձենք դա վերացնել, ապա որևէ բանի չենք հասնի»,- շեշտեց Ռուբեն Բաբայանը։

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանի բաց նամակին՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նա նշում է, որ «Քաղաքացու օր» հռչակելուց առաջ, նախ՝ ապրիլի 2-ը թող հռչակեն ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օր, Ռուբեն Բաբայանն ընդգծեց, թե չի ցանկանում, որ հայկական օրացույցը դառնա Խորհրդային Միության օրացույցի նման, երբ ամեն օր ինչ-որ օր էր նշվում։

«Գուցե ավելի կարևոր է, որ իսկապես ապրիլյան հերոսամարտի մասնակիցներին իրական ուշադրության կենտրոնում պահեն։ Հաճախ մենք ինչ-որ օր ենք հայտարարում, օրինակ՝ Թատրոնի միջազգային օր, և բոլորը խոսում են, թե ինչ լավ է, որ այդ օրը կա, սակայն հաջորդ օրը բոլորը մեկ ամբողջ տարի մոռանում են թատրոնի մասին։ Շատ եմ վախենում, որ այդ օրերը կկրեն այդ բնույթը։

ժամանակին, երբ Կլարա Ցետկինը և Ռոզա Լյուքսեմբուրգը հայտարարում էին Մարտի 8, դա, այսպես ասած, կանանց խնդիրները բարձրաձայնելու օր էր։ Կարծում եմ՝ կանանց համար  լավագույն տոնը կլինի այն, երբ դրա կարիքը չի լինի՝ կլինի հավասարություն, վերաբերմունք, պաշտպանություն և այլն։

Օրը կարևորվում է այն ժամանակ, երբ խնդիրը լուծված չէ։ Իսկ այն, որ մեր բոլոր զինվորները պետք է գնահատվեն, կասկածից վեր է։ Հաճախ մենք ձևն ընտրում ենք, բայց բովանդակությունը կորչում է, ուշադրությունը դեպի ապրիլյան պատերազմի մասնակիցները շատ ավելի կարևոր է, քան պարզապես օրը նշելը։ Այդ օրը կարող են գեղեցիկ բառեր ասել, բայց իրականում մարդիկ կրկին մնան ուշադրությունից դուրս»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս