«25.500 դրամով ծայրահեղ աղքատության շեմ գոյություն չունի». Արման Աբովյան
«Ինչպես մեր գործընկերները նշեցին՝ 25.500 դրամն այն գումարը չէ, որի վրա մենք կարող ենք հիմնվել և «ռիփորթներ» անել, թե ծայրահեղ աղքատության շեմը հաղթահարեցինք, հատկապես, որ հաշվարկներ արվել են 2016 թվականի տվյալների հիման վրա։ Իհարկե, յուրաքանչյուր բարձրացում շատ լավ է, սակայն ցանկացած բարձրացում, որ արվում է, այն առաջին հերթին պետք է հիմնվի սպառողական զամբյուղի գումարի վրա, որն այսօր հստակ մենք չունենք, քանի որ հաշվարկներ չեն արվել»,- ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կենսաթոշակների նվազագույն շեմը սահմանել 25.500 դրամ։
Նրա խոսքով՝ նվազագույն զամբյուղի հետ կապված տարբեր չափեր են հնչեցնում՝ 44 հազար դրամից մինչև 67 հազար դրամ, ուստի հետագայում պետք է վերանայվի այդ թիվը։
«Հասկանում ենք, որ մենք ունենք սակավ բյուջե, բայց դրա հետ մեկտեղ, եթե խնդիրը դրված է այն տրամաբանության մեջ, որ մենք, ի վերջո, պետք է հասնենք մի պահի, որ ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդ չպետք է մտածի, որ վաղը սոված է մնալու, ուրեմն պետք է շարժվենք օբյեկտիվորեն հիմնվելով այդ սպառողական զամբյուղի ցուցանիշի վրա։ Կառաջարկեմ կառավարությանը, նաև իմ գործընկրներին, որ մենք ինչ-որ գրաֆիկի ձևով ճանապարհային քարտեզ մշակենք, որը մեզ ու մեր ազգաբնակչությանը թույլ կտա հասկանալու, թե որքանով են աճում թոշակները։ Որովհետև 25.500 դրամով ծայրահեղ աղքատության շեմ գոյություն չունի»,-եզրափակեց պատգամավորը։
Զվարթ Խաչատրյան