Brexit-ի շուրջ ճգնաժամը նոր պաշտոնաթողությունների է հանգեցրել Մեծ Բրիտանիայում
Brexit-ի պատճառով ստեղծված քաղաքական ճգնաժամը մարտի 25-ին նոր պաշտոնաթողությունների է հանգեցրել Մեծ Բրիտանիայում. կառավարությունը լքել են բիզնեսի եւ արդյունաբերության գործերի փոխնախարար Ռիչարդ Հարինգթոնը, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գործերի նախարար Ալիսթեր Բերթը եւ առողջապահության փոխնախարար Սթիվ Բրայնը:
Բոլոր երեքն էլ երկուշաբթի հանդես են եկել խորհրդարանին մարտի 26-ի օրակարգը որոշելու եւ Brexit-ի հետ կապված գործողությունների զանազան տարբերակների շուրջ քվեարկելու իրավունք տրամադրելու օգտին, այդ թվում՝ այնպիսի արմատական գաղափարների շուրջ, ինչպիսիք են Brexit-ից հրաժարումը, երկրորդ հանրաքվեի անցկացումը եւ Եվրամիությունից առանց համաձայնագրի դուրս գալը:
Խորհրդարանը հավանություն է տվել համապատասխան ուղղմանը, որին դեմ էր կառավարությունը: Կուսակցական կարգապահության կանոնների համաձայն՝ Հարինգթոնը, Բերթը եւ Բրայնը հրաժարական են տվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: