Դուբայում մեկ միլիոն դոլար են հանձնել «Աշխարհի լավագույն ուսուցչին»
Վանական Փիտեր Թաբիչին Դուբայում կայացած արարողության ժամանակ մեկ միլիոն դոլար է ստացել որպես «Աշխարհի լավագույն ուսուցիչ»: Այդ մասին հայտնել է Դուբայի Dubai Media Office պաշտոնական մամուլի ծառայությունը:
Հնդիկ գործարար Սաննի Վարքեյի բարեգործական հիմնադրամն «Աշխարի լավագույն ուսուցչին» մրցանակը հանձնում է 2015 թվականից: Այս տարի մրցանակի համար տրվել էր 10 հազար հայտ 179 երկրից: Երեսունվեցամյա Փիտեր Թաբիչին բնական գիտությունների ուսուցիչ է Քենիայի գյուղական միջնակարգ դպրոցում: Մրցանակի կազմակերպիչների խոսքով՝ ամբողջ դպրոցում, որտեղ աշխատում է մրցույթի հաղթողը, կա սոսկ մեկ համակարգիչ, եւ մեկ ուսուցչին բաժին է ընկնում 58 աշակերտ:
Նաեւ Թաբիչին աչքի է ընկնում այն բանով, որ իր աշխատավարձի մեծ մասը տալիս է աղքատներին: Սաննի Վարքեյի հիմնադրամի մրցանակը հանձնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ եւ վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի հովանավորությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: