«Բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում Երևանն ու Ստեփանակերտն ունեն համանման մոտեցումներ»

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը «Ռեգնում» Ռուսաստանի դաշնային տեղեկատվական գործակալությանը

-Հարգելի, պարոն նախարար, Երևանում իշխանափոխությունից հետո կտրուկ ակտիվացել են ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդակցությունները (մենք ասում ենք խորհրդակցություններ, քանի որ բուն բանակցությունները, որոնց մասնակցում էր նաև Լեռնային Ղարաբաղը, դադարեցին 1997 թվականին)։ Ինչպե՞ս կբացատրեք այդ խորհրդակցությունների ակտիվացումը։

-Հայաստանի Հանրապետությունում նոր կառավարության իշխանության գալու հետ կապված հանդիպումների և խորհրդակցությունների դինամիկայի պահպանումը որոշակի կարևորություն էր ներկայացնում ինչպես հայկական կողմի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար, այդ թվում՝ համաձայնեցված միջնորդական ձևաչափի նկատմամբ հավատարմություն ցուցադրելու տեսանկյունից։ Երևանի և Բաքվի միջև հանդիպումների որոշակի ակտիվացումը պայմանավորված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին ծանոթանալու կողմերի ձգտումով։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անց են կացվել հանդիպումներ՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Բարձրագույն մակարդակով շփումը տեղի է ունեցել առանց միջնորդների մասնակցության՝ տարբեր միջազգային ֆորումների հարթակներում և կրում էր ոչ ֆորմալ բնույթ։ Ինչպես հայտնի է, նախատեսվում է անցկացնել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպումը։

Կարծում եմ, որ խորհրդակցությունների արհեստական ակտիվացումն ապրիորի չի կարող արդյունավետ լինել։ Ըստ ամենայնի, այս գիտակցումն առկա է նաև կողմերի մոտ։ Օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները փետրվարին  մասնակցել են Մյունխենի անվտանգության համաժողովին, մինչդեռ նոր հանդիպում չեն պլանավորել այդ ֆորումի ընթացքում։

-Հայաստանի վարչապետը հայտարարել է Ադրբեջանի հետ բանակցություններին ԼՂՀ ներգրավման անհրաժեշտության մասին։ Դուք կոնկրետ ինչպե՞ս եք տեսնում բանակցություններին ԼՂՀ մասնակցության ընթացակարգը և առարկան։

-Առաջին հերթին, անհրաժեշտ է նշել, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում Երևանն ու Ստեփանակերտն ունեն համանման մոտեցումներ։ Միևնույն ժամանակ, խոսելով Արցախի Հանրապետության՝ բանակցությունների սեղանին վերադառնալու մասին, մենք ելնում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց արձանագրելու անհրաժեշտությունից։ Եռակողմ բանակցությունների վերականգնման համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ Առաջին՝ բանակցությունների ձևաչափի շուրջ բավական երկար քննարկումներից հետո՝ արդեն 1993 թ., ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ում եկել են այն գիտակցմանը, որ Լեռնային Ղարաբաղը՝ որպես երրորդ կողմ, պետք է մասնակցի խաղաղ գործընթացի բոլոր փուլերին։ Հետագայում տվյալ թեզն իր արտացոլումը գտավ  1995 թ. մարտի 31-ին ԵԱՀԿ գործող նախագահի Պրահայի ռեզյումեի մեջ։ Բուն եռակողմ ձևաչափն ամրագրվել էր ավելի վաղ՝ 1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում կոնսենսուսի հիման վրա ընդունված որոշմամբ։ Երկրորդ՝ ինչպես ժամանակը ցուց տվեց, եռակողմ ձևաչափը ամենաարդյունավետն էր։ Հենց այդ ձևաչափով է արձանագրվել կարգավորման գործընթացում միակ շոշափելի արդյունքը՝  կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ համաձայնագիրը՝ կնքված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։

Բանակցային եռակողմ ձևաչափի հաջողության բանաձևը բավականին պարզ է. կողմերից յուրաքանչյուրն ուղղակիորեն ներկայացնում էր իր շահերը և քննարկում այն հարցերը, որոնք գտնվում էին իր իրավասության ներքո։

Այդ բանաձևը կարող է հիմք ծառայել բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցության ընթացակարգի համար։ Ինչպես բազմիցս հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանը մտադիր չէ բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունն առաջադրել որպես նախապայման, սակայն, միևնույն ժամանակ, բանակցություններ է վարելու միայն իր անունից։ Դա նշանակում է, որ բացառապես Արցախի Հանրապետության իրավասության և լիազորությունների տիրույթում գտնվող հարցերը չեն կարող քննարկվել Երևան-Բաքու երկկողմ ձևաչափում։ Նման մոտեցումն օբյեկտիվ է, և մեր կարծիքով՝ կարող է ծառայել որպես բանակցությունների սեղանին Արցախի վերադարձի մեխանիզմներից մեկը։

-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախագծերի ճնշող մեծամասնությունն առաջարկում է ԼՂՀ տարածքի կրճատում մինչև ԼՂԻՄ-ի տարածք: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գաղափարներին:

-Քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, ուստի տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է և չի արտացոլում հակամարտության էությունը:

Այն փաստը, որ 1988 թ., երբ սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները, նույնիսկ ինքնավար մարզի վարչական շրջաններից մեկը Բաքվի վերահսկողության տակ էին, ցույց է տալիս, որ այս հակամարտությունը տարածքային վեճ չէ: Այսինքն, չնայած այն իրողությանը, որ այդ տարածքները վերահսկում էր ադրբեջանական կողմը, այնուհանդերձ հակամարտությունը գոյություն ուներ: Հետևաբար, անտրամաբանական է ենթադրել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր կլինի հասնել հակամարտության կարգավորմանը: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման առաջարկություններն ուղղակիորեն անդրադառնում են անվտանգության հարցին, ինչն Արցախի համար Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացում «կարմիր գծերից» մեկն է:

Տարածքների հանձնումը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ոչնչացմանը տանող ուղիղ ճանապարհ է, ինչը վտանգի տակ կդնի բուն բնակչության գոյությունն իսկ իր պատմական հայրենիքում: Այլ կերպ ասած, մեզ համար այս հարցն ունի էքզիստենցիալ նշանակություն։ Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններից հետևում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է գրավել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Սյունիքի մարզը և նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքը: Մենք պետք է ամենայն լրջությամբ վերաբերվենք Ադրբեջանի նախագահի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարություններին և չդյուրացնենք նրա ճանապարհը դեպի իր ռազմավարական նպատակը։ Ընդհակառակը, պետք է շարունակել անհրաժեշտ ռազմական և քաղաքական-դիվանագիտական ​​միջոցներ ձեռնարկել՝ զսպելու հարևան երկրի իշխանությունների ագրեսիվ և զավթողական նկրտումները:

Հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են անցյալին վերադարձի անհնարինության և անթույլատրելիության մասին՝ թե՛ կարգավիճակի, թե՛ տարածքների հարցում:

Բացի այդ, 2009 թ. հուլիսի 15-ին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջնորդների մոտեցումների հրապարակումից հետո, Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խեղաթյուրված բանակցային գործընթացի վերաբեռնման, բանակցային սեղանին պաշտոնական Ստեփանակերտի՝ որպես լիիրավ կողմ վերադարձի և կարգավորման հիմնարար սկզբունքների  փոխակերպման անհրաժեշտության մասին։ Արցախի Հանրապետության այս դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Հարկ է նաև նշել, որ Արցախի ԱԳՆ վերոնշյալ հայտարարության մեջ ընգծված էր, որ Արցախն անցյալին վերադարձնելու փորձերը ոչ միայն անարդյունավետ են, այլև հղի են հակամարտության նոր սրացմամբ։

– Ամռանը ԼՂՀ-ում կմեկնարկի նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Արդեն հայտնի է, որ Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բալասանյանը և Սամվել Բաբայանը պատրաստ են մասնակցել քարոզարշավին: Նախկինում Դուք արդեն անձամբ մասնակցել եք ԼՂՀ նախագահական ընտրություններին և զգալի արդյունք եք գրանցել: Այս անգամ պատրա՞ստ եք մասնակցել ընտրություններին, և ինչի՞ց է կախված լինելու Ձեր որոշումը: 

-Արտաքին քաղաքականության բնագավառում 2018 թ. արձանագրված արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Արցախի Հանրապետության Հանրային հեռուստառադիոընկերության ռուսական խմբագրության ղեկավարի հնչեցրած նմանատիպ հարցին, ասել եմ, որ ներկայումս վաղաժամ է խոսել մեկ տարի հետո կայանալիք ընտրությունների մասին: Պետք է արդյունավետ օգտագործենք այդ ժամանակը՝ երկրի իշխանությունների կողմից արտաքին գործերի նախարարության առջև դրված խնդիրների լուծման և, ընդհանուր առմամբ, Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թթ. ծրագրի դրույթների իրագործման համար: Միայն այդ կերպ կարող ենք ապահովել Արցախի Հանրապետության շարունակական, հետևողական և կայուն զարգացումը:

Տեսանյութեր

Լրահոս