Հավաստիացնում եմ՝ այլևս ՀՀ գաղտնալսման սարքեր չեն կարող ներկրվել, ունենք որոշակի տեղեկություն, որ նախկինում ներկրել են, ստուգման փուլում է. Վանեցյան
Հայաստանի Հանրապետություն գաղտնալսման սարքեր բերելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն: Անհատները, տարբեր կազմակերպություններ չեն կարող ներկրել: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նշեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե որ փուլում է գտնվում գաղտնալսման գործը և ինչ լուծում է տրվել գաղտնալսող սարքերի ներկրման խնդրին:
«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Հավաստիացնում եմ, որ այլևս նման սարքեր չեն կարող ներկրվել: Նման սարքերի ներկրումն օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն: Թե մաքսային, թե մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Հարց է առաջանում, թե արդյո՞ք նախկինում նման սարքավորումներ ներկրվել են: Արթուր Վանեցյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը չունի: Նա հավաստիացրեց, որ իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
«Ունենք որոշակի տեղեկատվություն, որը ստուգման փուլում է, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, ապա անմիջապես կհրապարակենք», – ասաց ԱԱԾ տնօրենը։
Ինչ վերաբերում է գաղտնալսման դեպքի հետ կապված գործին, ապա Արթուր Վանեցյանն ասաց, որ քննությունը շարունակվում է: Այդ մասով շատ բան չի կարող ավելացնել, որովհետև ինքն այդ գործով անցնող անձ է և փաստաթուղթ է ստորագրել նախաքննության գաղտնիքը չհայտնելու մասին: