Բաժիններ՝

Դիմակավորված և զինված անձինք ներխուժել են Արմավիր քաղաքի բնակիչներից մեկի տուն. քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում դիմակավորված անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, որսորդական հրացանով և ատրճանակով զինված, ապօրինի մուտք են գործել Արմավիր քաղաքի՝ 1970 թվականին ծնված բնակչի տուն:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկն ատրճանակն ուղղել է տանտիրոջ՝ 1984 թվականին ծնված կնոջ ուղղությամբ՝ պահանջելով լռել, իսկ մյուսը մտել է հյուրասենյակ, որտեղ հանդիպելով տանտիրոջ դիմադրությանը՝ կրակել է որսորդական հրացանից, սակայն տանտերը հրացանի փողն ուղղել է վերև՝ այդկերպ շեղելով արձակված կրակոցի ուղղությունը դեպի առաստաղ: Այնուհետև դիմակավորված անձը հրացանի խզակոթով հարվածել է տանտիրոջ գլխին, որից հետո դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են նմուշներ, հարցաքնվվել են մի շարք անձինք:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակավել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ողությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս