Brexit-ի չեղարկման մասին հանրագրի կայքը խափանվել է օգտատերերի հորդահոսքի պատճառով
Բրիտանական կառավարական կայքը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը տեխնիկական դժվարությունների պատճառով, որոնք ի հայտ են եկել, երբ հազարավոր օգտատերեր փորձել են ստորագրել այնտեղ զետեղված հանրագիրը Brexit-ի չեղարկման օգտին: Այդ մասին հայտնել է Guardian թերթը:
Ինչպես նշում է հրատարակությունը, հանրագիրը, որը կոչ է անում չեղարկել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործողությունը եւ պահպանել Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցությունը, սկսել է մեծ քանակությամբ ստորագրություններ հավաքել մարտի 20-ի երեկոյան՝ րոպեում մոտավորապես 1,5 հազար ձայն արագությամբ, ինչի արդյունքում ստորագրածների թվաքանակը գերազանցել է 600 հազարը:
Բայց արդեն հինգշաբթի առավոտյան տեղական ժամանակով ժամը մոտավորապես 9-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին) կառավարական կայքում, որտեղ զետեղված է հանրագիրը, խափանում է տեղի ունեցել: Հաղորդվել է, որ վեբ-էջն անհասանելի է, եւ օգտատերերը կարող են փորձել այնտեղ մտնել ավելի ուշ: Համայնքների պալատի ներկայացուցիչը հրատարակությանը հայտնել է, որ «համակարգի վրա մեծ եւ կայուն բեռնվածության» պատճառով ծագել են տեխնիկական բնույթի դժվարություններ, եւ իշխանություններն աշխատում են, որպեսզի վերականգնեն դրա աշխատանքը: Մեկ ժամում խափանումը հաջողվել է վերացնել, բայց որոշ ժամանակ անց նոր խափանում է տեղի ունեցել: Ներկայում կառավարական կայքի աշխատանքը դեռեւս անկայուն է, սակայն հանրագիրն արդեն ստորագրել է շուրջ 750 հազար մարդ:
«Կառավարությունը մշտապես հայտարարում է, որ Եվրամիությունից դուրս գալը ժողովրդի կամքն է: Մեզ հարկավոր է վերջ դնել այդ հայտարարություններին՝ ապացուցելով հանրային աջակցության ուժը ԵՄ-ում մնալու համար»,-ասված է կայքում զետեղված հանրագրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: