Ավշարի դպրոցում դասադուլն ու գործադուլը կշարունակեն այնքան ժամանակ, մինչև նորանշանակ տնօրենը հրաժարականի դիմում գրի և հեռանա
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները մտադիր են դասադուլն ու գործադուլը շարունակել այնքան ժամանակ, մինչև նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանը հրաժարականի դիմում գրի և հեռանա: Նրանք պնդում են՝ չեն ուզում աշխատել նրա հետ. «Թող գնա ու ուրիշ տեղ կայանա»:
Կառավարման խորհրդի անդամ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Փամբուկյանի հաղորդմամբ՝ մարտի 1-ին տեղի է ունեցել տնօրենի ընտրություն, եղել է մեկ թեկնածու և 7 ձայնով ընտրվել է տնօրենը:
«Նա հրաշալի ծրագիր էր ներկայացրել, բոլորս շատ ուրախ էինք, իսկ մարտի 11-ին արդեն նշանակվեց տնօրենի պաշտոնում, եկավ և մեր ուրախությունը տևեց մի քանի ժամ: Պարզվեց, որ հրավիրել է ուսումնական գծով փոխտնօրենին և առաջարկել է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնել, հակառակ դեպքում՝ փաստարկներ, պատրվակներ կգտնի՝ նրան աշխատանքից ազատելու համար: Երբ իմացա այդ մասին՝ դիմեցի մյուս խորհրդի անդամին, միասին բարձրացանք Անդրեասյանի մոտ, որպեսզի իրավիճակը շտկենք, իսկ նա պատասխանեց, որ իր որոշումն անփոփոխ է: Ասացի՝ այդքան իրավունք ունի՞ առանց մեզ հետ խորհրդակցելու կամ գոնե մեկ օր իրավիճակին ծանոթանալու, աշխատելու նման բան որոշի: Կրկնեց, որ իր որոշումն անփոփոխ է, եկել է տնօրեն, իր հետ պետք է բերի վստահելի ընկերուհուն ու միասին շենացնելու են դպրոցը»,- մանրամասնեց Կարինե Փամբուկյանը:
Դպրոցի ուսուցիչներից Ասպրամ Հովսեփյանն էլ նշեց, որ իրենցից իրավական հիմք են պահանջում:
«Եթե իրավական հիմք ունենայինք՝ այսօր դատարանում կլինեինք, ոչ թե մարզպետի առանձնասենյակում: Մենք ունենք միայն բարոյական իրավունքների ոտնահարում: Մարզպետն ասում է՝ սա կամայականություն է, ձեր հետևում կան քաղաքական ուժեր, իսկ իրականում նման բան չկա, մենք անգամ տնօրենի թեկնածու չունենք: Ում ուզում են՝ թող բերեն, միայն թե լինի այնպիսին, ում հետ մարդկային հարաբերություններ կարող են ստեղծվել»,- նշեց Ասպրամ Հովսեփյանը:
Ուսուցիչներից մեկն էլ ասաց, որ իրենք ապահովագրված չեն, որ վաղն էլ իրենց չի ասելու՝ դիմում գրեք ու հեռացեք:
Նրանք նշեցին նաև, որ մարզպետի բարեկամներն իրենց երեխաներին դպրոց են ուղարկում, ավելին՝ մարզպետի քեռին, ով ծնող է, նրանց հավաքել ու դաս է արել տարբեր դասարանների 10 աշակերտի հետ:
168.am-ի հարցին՝ եթե նորանշանակ տնօրենը ներողություն խնդրի, հարցը կարելի՞ է փակված համարել, ուսուցիչները պատասխանեցին, որ արդեն ուշ է, հարցին կարող էին լուծում տալ առաջին կամ երկրորդ օրը:
Անի Կարապետյան