Նեբրասկայում մոլեգնող հեղեղումները վիթխարի տնտեսական վնաս են հասցրել
ԱՄՆ-ի Նեբրասկայի նահանգում մոլեգնող հեղեղումներից վնասը կգերազանցի 1,4 միլիարդ դոլարը, տարերքից վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զգալի վնաս է պատճառվել գյուղատնտեսությանը: Այդ մասին վկայում են նախնական տվյալները, որոնք հրապարակել են տեղական ԶԼՄ-ները:
Ինչպես CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է նահանգի նահանգապետ Փիթ Ռիքեթսը, տարերքի հարվածից տուժել է նահանգի տարածքի մոտավորապես երեք քառորդը: Նախնական տվյալներով, որոնք ներկայացնում են տեղական ԶԼՄ-ները, հեղեղումներից տնտեսական վնասն արդեն կազմել է գրեթե 1,4 մլրդ դոլար. դրանից ենթակառուցվածքին հասցված վնասը կազմում է շուրջ 450 մլն դոլար:
Գյուղատնտսական հատվածին տարերքի պատճառած վնասը, ինչպես հայտնել է նահանգապետը, արդեն գերազանցել է 800 մլն դոլարը: Տարածաշրջանում ավերվել են ավելի քան երկու հազար բնակելի շենք եւ հարյուրավոր ձեռնարկություններ, մարդիկ կորցրել են հազարավոր գլուխ ընտանի անասուններ, խախտված է ջրամատակարարման համակարգը, վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ:
Օդերեւութաբանների կանախատեսումների համաձայն՝ առաջիկա օերերին տեղումները կշարունակվեն, ուստի իրադրությունը կարող է վատթարանալ, իսկ կորուստների իրական ցուցանիշները՝ զգալիորեն աճել: Ռիքեթսի խոսքով՝ տարերքի ներկայիս հարվածն ամենաավերիչն է դարձել նահանգի ողջ պատմության ընթացքում: Հեղեղումների հետեւանքների վերացման համար արդեն ուղարկվել են ազգային գվարդիայի 200-ից ավելի անդամներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: