Թերեզա Մեյը պատգամավորներին մեղադրել է Brexit-ը սաբոտաժի ենթարկելու մեջ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Դաունինգ-սթրիթում ելույթ ունենալով մամուլի առջեւ, հայտարարել է, որ Brexit-ի ժամկետն ավելի շատ չի երկարացնելու, քան մինչեւ հունիսի 30-ը: Նա բացառել է երկրորդ հանրաքվեի անցկացումը եւ պատգամավորներին մեղադրել է Brexit-ի վերաբերյալ այնքան անհրաժեշտ որոշումն ընդունել չցանկանալու մեջ, տեղեկացնում է BBC-ին:
«Այս հետաձգումը անձնական մեծ ափսոսանք է առաջացնում ինձանում»,- ասել է Մեյը, հավաստելով, որ մարտի 29-ին Մեծ Բրիտանիան դուրս չի գա ԵՄ-ից, ինչպես պլանավորված էր այն պայմանագրով, որը համաձայնեցվել է Բրյուսելի հետ: «Ես մեծապես հուսով եմ, որ օրենսդիրները կգտնեն պայմանագիրը պաշտպանելու միջոցը, որը ես կնքել եմ ԵՄ-ի հետ: Եվ ես օր ու գիշեր շարունակելու եմ աշխատել, որպեսզի ապահովեմ այդ պայմանագրի աջակցությունը»,- ասել է Մեյը:
«Եվ ես պատրաստ չեմ Brexitն ավելի շատ հետաձգել, քան մինչեւ հունիսի 30-ը»,- հավելել է վարչապետը: Խորհրդարանականների համար եկել է որոշումն ընդունելու ժամանակը, ասել է Մեյը, նշելով, որ մինչ այժմ խորհրդարանը ընդունակ չեղավ դա անել:
«Առայժմ խորհրդարանը հնարավոր ամեն ինչ արել է, որպեսզի խույս տա որոշումն ընդունելուց»,- հայտարարել է Մեյը՝ վերստին ստեղծված իրադրության համար մեղքը բարդելով Համայնքների պալատի վրա: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դիմել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով Brexit-ը 2019 թվականի մարտի 29-ից տեղափոխել հունիսի 30:
Բրյուսելը պատասխանել է, որ ԵՄ-ն կհամաձայնի միայն կարճ ժամանակով հետաձգել Brexit-ը այն դեպքում, եթե բրիտանական խորհրդարանը հաջորդ շաբաթ հավանություն տա Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու պայմանագրին: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մարտի 20-ին հայտարարել է, որ կարճաժամկետ հետաձգումը, ինչի մասին խնդրել է Թերեզա Մեյը, հնարավոր է:
Երկարացման ժամկետը դեռ պետք է քննարկվի, հայտնել է նա լրագրողներին Բրյուսելում: Տուսկի խոսքով՝ ԵՄ-ի անդամ 27 երկրները կարող են համաձայնել հետաձգմանը, բայց դա կախված կլինի Համայնքների պալատում դուրս գալու մասին պայմանագրի շուրջ նոր քվեարկության արդյունքներից, որը ձեռք է բերվել Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ: