Բաժիններ՝

Ինտերնետը կգրաքննվի՞

Մի շարք տոտալիտար երկրներ ցանկություն են հայտնել ինտերնետում որոշակի սահմանափակումներ մտցնել,  այսպես ասած` կիբեռ սահմաններ ստեղծել, այնպես, ինչպես պետական սահմանները: Այս հարցը լայնորեն կքննարկվի դեկտեմբերին Դուբայում կայանալիք Միջազգային հեռահաղորդակցության միության (ITU) գագաթաժողովի ժամանակ: Գագաթաժողովին կմասնակցեն 193 երկրների ներկայացուցիչներ, ովքեր իրենց կարծիքը կարտահայտեն այս հարցի առնչությամբ: Հայաստանը ևս կմասնակցի ինտերնետային կայքերի սահմանափակումների մասին հարցի քննարկմանը: «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով` նման սահմանափակումներ արդեն կան, օրինակ` Չինաստանում, արաբական մի շարք երկրներում: Ռուսաստանը ևս պատրաստվում է ինտերնետում նմանատիպ օրինագծի ընդունմամբ սահմանափակումներ կիրառել: «Այս օրինագիծը ենթադրում է, որ կարելի է փակել տվյալ երկրին պատկանող դոմենային հասցեները` առանց դատարանի որոշման, իսկ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են մասնակցել տարածվող բովանդակության «մշակմանը», լինի դա նկարի թե տեքստի ձևով»,- ասաց Գ. Սաղյանը: Ըստ բանախոսի` ներկայումս Հայաստանում ևս այս հարցը քննարկվում է, հարցի վերաբերյալ տեսակետները համակարգում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, որը դրանք կներկայացնի արդեն դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովի ժամանակ:

 

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս