Բաժիններ՝

Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը վերագործարկվում է նախատեսվածից շուտ. այն կներկայանա թարմացված երգացանկով

Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կվերագործարկվի մարտի 21-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, դա պայմանավորված է առաջին հերթին Նովրուզի տոնով, երբ Իրանից զբոսաշրջիկների հոսք է ակնկալվում:

«Հաշվի առնելով, որ Իրանից զբոսաշրջիկների հոսք է ակնկալվում, իսկ Հանրապետության հրապարակի շատրվանների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, որոշվեց այս տարի առաջին անգամ գլխավոր շատրվանները գործարկել շուտ՝ մարտի 21-ին: Սովորաբար շատրվանները միացվում են ապրիլի 7-ին: Զբոսաշրջիկները, այցելուները, և, իհարկե, երևանցիները հնարավորություն կունենան վայելել շատրվանները լուսաձայնային ու երաժշտական ամբողջ հմայքով»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի ևս կգործեն տեղեկատվական կենտրոնները, որտեղ աշխատակիցները կաջակցեն զբոսաշրջիկներին, անհրաժեշտության դեպքում պարսկերենով քարտեզներ կտրամադրեն իրանցիներին:   

Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր հայտարարված երեքշաբթիներից: Ջրային այս կառույցը առավոտյան 08:30-20:00-ն կգործի որպես սովորական շատրվան, ժամը 20-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նաև լուսաձայնային ու երաժշտական ողջ հմայքով:

Իրանցիները Նովրուզը տոնում են մարտի 21-ին, և այն տևում է 13 օր: Նովրուզի բազմադարյա տոնակատարությունների արդյունքում ձևավորվել են մի շարք ավանդույթներ: 2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է  Նովրուզի միջազգային օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս