«ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն եզրույթն ինձ համար զարմանալի է»

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն հայտնել է դիրքորոշումն այդ հարցով, որը հետևյալն է. ցանկացած հանցագործություն ՀՀ-ում պետք է բացահայտվի առանց որևէ կուսակցական և քաղաքական նկատառումների և սևով սպիտակի վրա գրված, Քրեական օրենսգրքին համապատասխան: Եթե, մասնավորապես, ՀԱԿ ակտիվիստների հետ կապված կա այլևայլություն, այսինքն` կան քաղաքական պատճառներ, բնականաբար, դա բացասական գնահատականի կարժանանա մեր կողմից»,- 168.am-ի հետ զրույցում` ի պատասխան հարցին` ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիրքորոշում չի հայտում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ, ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Դիտարկմանը` թե, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այդ հարցում կա քաղաքական ենթատեքստ, և իրենց լռությունը զարմանալի է նաև ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության համատեքստում, Տ.Ուրիխանյանը պատասխանեց. «ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն եզրույթն ինձ համար զարմանալի է: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ մենք քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մարդկանց չպետք է հայտնենք մեր սատարման մասին, եթե, իհարկե, այդտեղ կա քաղաքական պատճառ: Եթե Դուք վստահաբար կպնդեք, որ իրենք դատապարտվել են բացառապես քաղաքական հայացքների համար, և իրենց գործողություններում հանցակազմ չկա, ես կհայտնեմ իմ մտահոգությունը: Բայդ Դուք պատրա՞ստ եք նման բան պնդել»:

Իսկ հարցին, թե, ըստ Տ.Ուրիխանյանի, արդյոք արդա՞ր է երիտասարդ ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճիռը, նա պատասխանեց. «Իմ անձնական կարծիքն է, որ պատիժը կարող էր լինել ավելի մեղմ: Համենայն դեպս, կան իրավական գործողությունների հնարավորություններ, որը ես կոչ կանեի իրենց պաշտոնական պաշտպաններին ձեռնարկել: Մենք էլ կհետևենք գործընթացին, և միգուցե նաև կլինի կարիք այն մեկնաբանելու կամ այլ ձևաչափով հանդես գալու»:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս