Բաժիններ՝

Կինոոլորտի խնդիրները մեկ հանդիպմամբ չեն լուծվի. Հովհաննես Գալստյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած քննարկման մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանում կինոգործիչների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել՝ հասկանալու համար ոլորտում առկա խնդիրները և լսելու կինոոլորտի ներկայացուցիչների մտահոգություններն ու առաջարկները։

Քննարկմանը մասնակցում էր նաև «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ով 168.am-ի հետ զրույցում խոսելով հանդիպման մասին՝ նկատեց, որ, երբ մեկ վայրում հավաքվում են 40 հոգի, հնարավոր չէ ակնկալել պրոդուկտիվ արդյունք, այդ պատճառով էլ մեկ հանդիպումը չի կարող խնդիրներ լուծել։

«Այս հանդիպման ընթացքում յուրաքանչյուրը ներկայացրեց ոլորտի վերաբերյալ իր պատկերացումները, և որոշվեց, որ երկու շաբաթվա ընթացքում ոլորտի ներկայացուցիչներն առկա խնդիրները խմբակցությանն ուղարկեն նաև գրավոր տարբերակով, երևի դա կքննարկեն, որից հետո էլ կլինի երկրորդ հանդիպումը»,- ասաց Հովհաննես Գալստյանը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում առաջ է քաշել երկու խնդիր, որոնք լուծելու պարագայում հնարավոր կլինի զարգացնել կինոյի ոլորտը։ Նախ, ըստ նրա՝ կինոյի պետական կառավարման համակարգը պետք է ենթարկվի արմատական փոփոխության՝ ՊՈԱԿ-ի կազմալուծվեն և դրանց փոխարեն ստեղծվեն կինոյի կառավարման հիմնադրամ և օրենսդրական դաշտի կարգավորում՝ «Կինոյի մասին» օրենքի ընդունում, հարկային արտոնություններ և այլն։

Անդրադառնալով  «Տատիկիս վարսերը» կինոնախագծի հետ կապված՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման արդյունքներին, Հովհաննես Գալստյանը տեղեկացրեց, որ այդ հանդիպումները դեռևս շարունակվում են։

«Մեր հանդիպումները դեռևս չեն ավարտվել, դրանք ընթանում են հետևյալ ձևաչափով. հանդիպմանը գնում ենք ես, իմ ընկերության փաստաբանը և Ազգային կինոկենտրոնը՝ իր փաստաբանների հետ, առաջընթաց կա, սակայն հարցի վերջնական լուծման դեռ չենք հասել։ Ի դեպ, մենք ունենք Մշակույթի նախարարության Իրավաբանական վարչության եզրակացությունն այն մասին, որ մեր ֆիլմի հայտը մերժվել է ապօրինի և հայտը ենթակա է կատարման։ Եթե նախարարի մոտ գանք այն եզրակացության, որ հայտը մերժվել է ապօրինաբար, և պայմանագիրը պետք է թարմացվի, ապա այդ մասով հայտը հետ կվերցնենք և նոր պայմանագիր կկնքենք Կինոկենտրոնի հետ»,- շեշտեց կինոռեժիսորը։

Նա նաև ընդգծեց, որ անկախ արդյունքներից, միևնույն է՝ դատարանում պահանջելու է վնասի փոխհատուցում, քանի որ երկու տարի կասեցրել են ֆիլմի աշխատանքները և սառեցրել միջազգային ներդրումները, որի պատճառով իրենք բազմաթիվ վնասեր են կրել։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս