Նիդեռլանդների իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Ուտրեխտի նահանգում
Նիդեռլանդների իշխանություններն ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն են հայտարարել Ուտրեխտի նահանգում, որտեղ հրաձգություն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ Նիդեռլանդների ոստիկանությունը հանձնարարել է Ուտրեխտ քաղաքի դպրոցների ղեկավարությանը՝ փակել հաստատությունների դռները: Գործակալության տվյալներով՝ ենթադրյալ հրաձիգն ազատության մեջ է:
Հրաձգությունը տեղի է ունեցել տրամվայի կանգառի շրջանում: Dutch News պորտալը, վկայակոչելով ականատեսների, հայտնել է, որ տղամարդն անսպասելիորեն սկսել է կրակել իր շուրջը: Նրա կողքին պառկած կինը կրկնում էր. «Ես դա չեմ արել»:
Ինչպես հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը, հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ: Ոստիկանությունը հաստատում է միջադեպի հետեւանքով մեկ մարդու հնարավոր զոհվելը: Իրավապահները նաեւ հայտարարել են, որ տեղի ունեցած հրաձգությունը կարող էր ահաբեկչական դրդապատճառ ունենալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: