Թուրքիայում ամեն մի ծնվող երեխայի 5500 դոլար պարտք է բաժին ընկնում

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) «Թուրքիայի ճգնաժամը» զեկույց է հրապարակել։ Ըստ այդմ՝ 2002 թվականից հետո Թուրքիայի արտաքին պարտքն ավելացել է 3․5 անգամ՝ մոտենալով 450 մլրդ դոլարի սահմանին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Զեկույցի հեղինակների պնդմամբ՝ 2002թ. այս երկրում ծնվող յուրաքանչյուր երեխան ի սկզբանե ունենում է շուրջ 963 դոլար պարտք։ Իսկ 2018թ. դրությամբ ամեն մի ծնվող երեխային բաժին ընկնող պարտքը կազմում է 5․513 դոլար։

Արձանագրվել է, որ վերջին 16 տարվա ընթացքում Թուրքիայում սպառողական վարկերի պարտքն ավելացել է 176 անգամ՝ հասնելով 399․4 մլրդ լիրայի (շուրջ 73 մլրդ դոլար), իսկ անհատական կրեդիտ քարտերի պարտքի ընդհանուր ծավալը աճել է 24 անգամ՝ կազմելով 104․8 մլրդ լիրա (շուրջ 19 մլրդ դոլար)։

Միևնույն ժամանակ, պետության,  քաղաքացիների և ընկերությունների ընդհանուր պարտքը գերազանցել է երկրի ընդհանուր եկամուտները։ Այսպես, եթե 2002թ. Թուրքիան յուրաքանչյուր 100 լիրա եկամուտի դիմաց 94 լիրա պարտք ուներ, ապա 2018թ. երրորրդ քառորդի դրությամբ յուրաքանչյուր 100 լիրա եկամուտի դիմաց 120 լիրայի պարտք է առկա։

Ըստ զեկույցի՝ 2014-ին Թուրքիան «Օրենքի գերակայության ինդեքսում» 59-րդ հորիզոնականում էր, 2019 թվականին երկիրն արդեն նույն ցանկում 109-րդ տեղն է զբաղեցնում՝ 5 տարում դիրքերը զիջելով 50 հորիզոնականով։

Նույն ժամանակահատվածում Թուրքիայի ազգային եկամուտը 950 մլրդ դոլարից հասել է 784 մլրդ դոլարի։ Իսկ կենտրոնական բանկի ռեզերվները արդեն անբավարար են անգամ երկրի կարճաժամկետ արտաքին պարտավորությունների համար։ Այսպես, եթե 2002թ. յուրաքանչյուր 100 դոլար արտաքին պարտքի դիմաց Կենտրոնական բանկն ուներ 169 դոլարի պահուստ, ապա 2018-ի դրությամբ այդ հարաբերակցությունը կազմում է 100/79 դոլար։

Տեսանյութեր

Լրահոս