Բաժիններ՝

Իրանի նախագահն առաջարկել է ԱՄՆ-ի իշխանություններին դատի տալ նրանց պատժամիջոցների համար

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 18-ին հնարավոր է համարել ԱՄՆ-ի իշխանությունների նկատմամբ միջազգային դատական ատյաններ հայց ներկայացնել նրանց պատժամիջոցների քաղաքականության պատճառով: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը:

«ԱՄՆ-ը մեր նկատմամբ սահմանել է ամենախիստ պատժամիջոցները: Դա ազդել է ազգային արժույթի վրա, մեծացել է գնաճը, բայց մենք դա հաղթահարել ենք: ԱՄՆ-ը ճիշտ ճանապարհով չի ընթանում, եւ մենք պետք է պայքարենք: Իրանի դատական իշխանությունները պետք է ԱՄՆ-ի, նրա պաշտոնյաների եւ այդ պատժամիջոցների հեղինակների նկատմամբ հայց ներկայացնեն մարդկության դեմ հանցագործության մեղադրանքով»,-նշել է Ռոուհանին: Նա հավելել է, որ Ամերիկային «չի հաջողվի ծնկի բերել Իրանին»:

Վերջին ամիսներին Իրանում դիտվում է տնտեսական իրադրության սրացում, դրա ամենավառ դրսեւորումը դարձել է ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը: Այս գործընթացն արագացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին հայտարարեց ԳՀՀԾ-ից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից) դուրս գալու մասին, որը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց:

2018 թվականի մայիսին իրանական ռիալի փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմում էր 65 հազար այն դեպքում, երբ սեպտեմբերի վերջին այն գերազանցեց 180 հազար ռիալը: Անցյալ տարվա վերջից ռիալն սկսեց ամրապնդվել, սակայն մի շարք քաղաքական գործիչներ եւ փորձագետներ Իրանում առաջվա պես խոսում են շարունակվող տնտեսական ճգնաժամի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս