Սահակաշվիլին կթողնի ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը Վրաստանում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշել է թողնել վրացական «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը, քանի որ հնարավորություն չունի տեղում իրականացնել կուսակցության ղեկավարումը։
«Կուսակցության մեջ անհրաժեշտ է մշտական նորացում, ուստի այժմ անհրաժեշտ են նոր մարդիկ եւ կուսակցական ղեկավարման նոր սկզբունքների կիրառում: Նախ՝ Իվանիշվիլին (Բիձինա Իվանիշվիլի, «Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահը) ամեն բան անում է, որպեսզի ինձ թույլ չտա երկիր մտնել: Երկրորդ՝ մեր մի քանի ղեկավարներ գտնվում են բանտում: Այդ ամենը դժվարացնում է մեր կազմակերպության աշխատանքը: Ուստի այս իրավիճակում անհրաժեշտ է ընտրել «Միասնական ազգային շարժում» կուսակցության նոր նախագահ»,-հայտարարել է Սահակաշվիլին սոցցանցերում:
«Ես կարծում եմ՝ Գրիգոլ Վաշաձեն շատ լավ անցկացրեց նախագահական ընտրարշավը, եւ անձամբ ես նրան կպաշտպանեի նրա թեկնածությունը մեր կուսակցության նախագահի պաշտոնի համար»,-նշել է Սահակաշվիլին: Նրա խոսքով՝ ներկայում ՄԱՇ-ին աջակցում են գրանցված 400 հազար ակտիվ կողմնակիցներ, որոնք պետք է մասնակցեն կուսակցության նախագահի ընտրությանը:
Լրագրողների հետ զրույցում կուսակցության ղեկավարները դրական են գնահատել Սահակաշվիլիի որոշումը: «Կուսակցության լուրջ նորացման հարցը հասունացել Է, ուստի մոտ ժամանակներս մենք կանցկացնենք կուսակցության համագումար եւ կընտրենք նոր նախագահ»,-լրագրողներին հայտարարել է ՄԱՇ-ի ղեկավարներից մեկը՝ Ռոման Գոցիրիձեն: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Սահակաշվիլին կմնա կուսակցության առաջնորդը: