Թբիլիսիում սկսվել են NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները
Վրաստանի պաշտպանության նախարարության շենքում մարտի 18-ին տեղի է ունեցել NATO-Georgia Exercise 2019 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, որոնց շուրջ 350 զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 24 երկրներից: Արարողության կադրերն ուղիղ եթերում ցուցադրել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը:
Գերատեսչությունում հայտնել են, որ «NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները կդառնան երկրորդ բազմազգ վարժանքները Վրաստանում, որոնք կանցկացվեն ՆԱՏՕ-ի հետ երկրի համագործակցության փաթեթի իրագործման շրջանակում, որը 2014 թվականին ընդունվել է Ուելսի գագաթնաժողովում»:
«Առաջին նման զորավարժությունները Վրաստանում տեղի են ունեցել 2016 թվականին, դրանց մասնակցել են 14 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներ, ներկայիս վարժանքներին շուրջ 350 զինծառայողներ են մասնակցում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 26 երկրներից»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Զորավարժությունների նպատակը Վրաստանի պաշտպանության ուժերի եւ ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների զինված ուժերի փոխհամատեղելիության խորացումն է, դաշինքի անդամ ու գործընկեր երկրների հետ համագործակցության ընդլայնումը, ճգնաժամային իրավիճակներին համապարփակ հակազդման մշակումը»,-հավելել են նախարարությունում:
Զորավարժություններին որպես դիտորդներ մասնակցում են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները: Գերատեսչությունում նշում են, որ «մարտի 25-ին զորավարժությունների ընթացքին կհետեւի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը»:
Զորավարժությունները կավարտվեն մարտի 29-ին: Մարտի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հայտարարել է, որ NATO-Georgia Exercise 2019 զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի կամ որեւիցե այլ պետության դեմ եւ զուտ պաշտպանողական բնույթ են կրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: