ԴԱՀԿ-ն պարզաբանել է «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի վերաբերյալ հրապարակումները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումները «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ վերաբերյալ, հարկ է համարում հայտնել հետևյալը.
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.03.2019 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Հարկադիր կատարման օպերատիվ բաժնում 06.03.2019 թվականին հարուցվել են թիվ 04991809 և թիվ 04991822 կատարողական վարույթները:
Հիշյալ կատարողական վարույթների շրջանակներում իրականացված կատարողական գործողությունների արդյունքում 07.03.2019 թվականին հարկադիր կատարողի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն առ այն, որ կատարողական թերթով սահմանված հասցեներում որևէ գործողություն, այդ թվում՝ որևէ արտադրական գործունեություն կամ շինարարություն չի իրականացվում:
13.03.2019 թվականին Ծառայություն ստացված դիմումի հիման վրա նույն օրը հարկադիր կատարողները կրկին այցելություն են կատարել նշված հասցեներ և կազմել համապատասխան արձանագրություն այն մասին, որ տարածքում որևէ գործողություն, այդ թվում՝ որևէ արտադրական գործունեություն կամ շինարարություն չի իրականացվում: