Մեկին նախասրահ, մյուսին՝ ոչինչ. Ասել են՝ ձեռ մի տվեք. Ում են բաժին հասել Շմայսի, գեներալ Մանվելի սենյակները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նոր պատգամավորներին արգելել են իրենց սենյակները վերանորոգել, պատգամավորների մի մասը սկսել ու կիսատ է թողել։ «Ասին` ամառը բոլոր սենյակները վերանորոգվելու են` միանման տեսք ունենան, ձեռ մի տվեք, ու ըսենց` ոտուգլուխ` օգնականների հետ համերաշխ նստած ենք»,- տրտնջաց «Իմ քայլի» պատգամավորը: Բայց ոմանք նախասենյակ ունեն, ուր նստում են օգնականները, մյուսները փոքրիկ սենյակում կարճ «պերեգորոդկա» են դրել իրենց ու օգնականի միջեւ եւ նստել են այդպես:
Ի դեպ, «նախագավիթով», բավականին «շնորհքով» սենյակ է հասել պատգամավորուհի Թագուհի Ղազարյանին՝ Շմայսի նախկին սենյակը, որը հետո անցավ Սամվել Ալեքսանյանին: Ամենատխուրը գեներալ Մանվելի սենյակում է․ շքեղ «կավռալիտի» ֆոնին` մի քանի աշխատանքային աթոռ, 2 փոքրիկ սեղան` Տարկովսկու «զոնան» հիշեցնող շարքով շարված` նախկին շքեղ, սեւ կաշվից, ստալինյան մեծ սեղանի ու կահույքի փոխարեն: Այդ սենյակում իրար կողքի համեստ նստած են Ծառուկյանի Էդոն` Էդուարդ Բաբայանը, եւ էներգետիկայի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:
ԱԺ ամենաուրախ-կահավորված սենյակը «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղարի, Նիկոլին ընդատակյա օրերին ապաստանած Հակոբ Սիմիդյանինն է: «Սերժի վախտ» Գագիկ Մելիքյանին պատկանած այս սենյակը շատ անշուք էր` նկատեցինք մենք։ «Ոչինչ հատուկ արված չէ, ինչ տվել են, տեղավորել, նստել ենք»,- ասաց Սիմիդյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: