Ազատության հրապարակում սրճարանների ապամոնտաժման դեմ ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերով փաստական տվյաներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի ավագ ոստիկան Ա. Ե.֊ն 2019թ. մարտի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց՝ Ազատության հրապարակում, ծառայություն իրականացնելու ընթացքում հավաքված քաղաքացիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին և ՀՀ ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու վերաբերյալ օրինական պահանջ է ներկայացրել, որի ընթացքում հավաքված անձանցից մեկը փորձել է ճեղքել ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կազմված շղթան։
Ոստիկանը թույլ չի տվել, իսկ քաղաքացին երկու անգամ բռունցքով դեմքին հարվածելու եղանակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
Դեպքի վայրից Ա. Ե.֊ի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Գ. Շ.֊ն:
Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալներ՝ դեպքի առթիվ ՀՀ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ֊ի 316֊րդ հոդվածի 1֊ին մասով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ֊ին»,-հայտնել է նա:
Հիշեցնենք, որ արդեն 3 օր է, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվում են Օպերայի հարակից տարածքի սրճարանները, ինչի դեմ ակցիաներ են ընթանում: