Սալոմե Զուրաբիշվիլիի մոտեցումները չեն փոխվել

Բաքվում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունից հետո մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սպասումները, թե ՀՀ իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ նա գոնե կմեղմի իր կոշտ մոտեցումները՝ ապարդյուն էին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նա մասնավորապես հայտարարել էր. «Վերջին տարիներին մենք միանման ողբերգություններ ենք վերապրել։ Մենք մինչև հիմա վերապրում ենք այն, թե ինչ է նշանակում երկրի համար օկուպացված տարածքները՝ երբ երկրիդ տարածքային ամբողջականությունը խախտված է»:

Նրա այս հայտարարությունները բուռն քննարկումների առիթ էին դարձել Երևանում, ուստի ենթադրվում էր, որ մինչ Հայաստան կատարելիք այցը Վրաստանի նախագահը կընդունի իր սխալը և Երևանում այլ հռետորաբանությամբ հանդես կգա՝ չվտանգելով հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների հեռանկարը:

Բաքվի այցից հետո Զուրաբիշվիլիի այցը Երևան, թերևս, լավ հնարավորություն էր երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ քննարկելու միմյանց համար զգայուն այս հարցի` հակամարտությունների կարգավորման սկզբունքների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունները:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Երևանում ունեցած գրեթե բոլոր բարձրաստիճան հանդիպումների ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ այս հարցերը քննարկվել են: Սակայն, չնայած շատերի ակնկալիքներին, Զուրաբիշվիլին Երևան էր եկել չփոփոխված՝ նույն մոտեցումներով:

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Զուրաբիշվիլիի մեկնաբանությունները հակամարտությունների կարգավորման մի շարք հարցերի շուրջ տեղ չեն գտել հայաստանյան պաշտոնական հաղորդագրություններում: Այնինչ Վրաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրություններից կարելի է հասկանալ, թե ինչ ուղերձներով էր նա եկել Երևան:

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ՝ ինչպես գիտեք, Վրաստանի երկու հատվածներն օկուպացված են, և Վրաստանի համար կարևոր է, որպեսզի իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչվեն ոչ միայն խոսքերով, այլև փաստացի:

«Այդ տեսանկյունից շատ տխուր է, երբ Լեռնային Ղարաբաղից պատվիրակություններն այցելում են Աբխազիա և Հարավային Օսիա և հարցեր են բարձրացնում այնպես, կարծես դրանք նույն տիպի հակամարտություններ են, և որոնում են որևէ համաչափություն:

Դա շատ տխուր և ցավալի է մեզ համար»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:
Վրացի բարձրաստիճան պաշտոնյան հակամարտությունների կարգավորումից էր խոսել նաև Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ըստ Զուրաբիշվիլիի մամուլի ծառայության՝ Վրաստանը ճանաչում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով:

«Միևնույն ժամանակ, Վրաստանը պատրաստ է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Զուրաբիշվիլին:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս