«ԱՄՆ-ն Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մոտեցում չի ցուցաբերում». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների լուրերի մասին
Այս օրերին հայաստանյան լրատվամիջոցներում ու համացանցում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցների թեման: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Հայաստանն Իրանի հետ փոքր ծավալի առևտրատնտեսական հարաբերություններ ծավալելու պատճառով անարդարացիորեն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ: Որոշ աղբյուրների համաձայն, ամերիկյան նոր պատժամիջոցները նույնիսկ ճանապարհին են:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ Միացյալ Նահանգներն Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մոտեցում չի ցուցաբերում: Ավելին, ըստ ԱՄՆ դեսպանատան, առավելագույն ճնշումների ամերիկյան արշավը փաստացի ծավալվում է աշխարհով մեկ:
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է պահպանել բարիդրացիական հարաբերություններ իր հարավային հարևանի հետ, սակայն Իրանի հետ համագործակցության վերաբերյալ մեր բոլոր գործընկերներին մենք նույն ուղերձն ենք հղում՝ ակնկալելով, որ Իրանը կկատարի իր պարտավորությունները՝ որպես Միավորված Ազգերի Կազմակերպության ու միջազգային հանրության անդամ: Նաև, մենք Հայաստանը դիտարկում ենք՝ որպես Միացյալ Նահանգների կարևոր գործընկեր տարածաշրջանում»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:
Ավելին, ըստ ԱՄՆ դեսպանատան անդրադարձի, Իրանի հետ տնտեսական հարաբերությունները չպետք է կառուցվեն այնպիսի կառույցների շուրջ, որոնք նպաստում են ահաբեկչական խմբերի ֆինանսավորմանը և Միջին Արևելքի ապակայունացմանը: «Այս նկատառումների հիման վրա ԱՄՆ կառավարությունը 2011թ. պատժամիջոցների ցանկում է ներառել «Մահան Էյր» ավիաընկերությանը, որը շարունակաբար աջակցում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, լիբանանյան «Հըզբոլլահին» և Ասադի ռեժիմին՝ Սիրիայում:
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում այս պատժամիջոցը չէր հանվել. «Մահան Էյրի» անազնիվ գործունեությանը մենք ջանում ենք հակազդել ամբողջ աշխարհում, և ոչ՝ բացառապես Հայաստանում: 2018թ. նոյեմբերին ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Երևանում գործող «Մելլաթ բանկին»՝ որպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և Բասիժ դիմադրության ուժերին աջակցող կառույցների ցանցում ընդգրկված ընկերություն: (Մանրամասն տեղեկությունների համար տես՝ այստեղ.):
ԱՄՆ կառավարությունը 2019թ. հունվարին «Մահան Էյրին» աջակցելու համար պատժամիջոցների ցանկում է ներառել նաև «Մահան Էյրի» վաճառքի գործակալ հանդիսացող «Ֆլայթ թրավել» ՍՊԸ-ին»,- ասված է ԱՄՆ դեսպանատան պատասխանում:
Հիշեցնենք, որ ամսվա սկզբին Բրյուսել կատարած այցի շրջանակում Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին: Նա նշել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցները բացասական հետևանքներ են ստեղծում նաև Հայաստանի տնտեսության համար՝ նվազեցնելով արտաքին հաղորդակցության երկու հնարավոր միջանցքներից մեկի հնարավորությունները։